Պետք չէ որևէ լավ բան սպասել այս ձևավորված հանձնաժողովից, պատրաստվեք վատագույն սցենարին․ Շաքարյանց

Պետք չէ որևէ լավ բան սպասել այս ձևավորված հանձնաժողովից, պատրաստվեք վատագույն սցենարին․ Շաքարյանց

Դելիմիտացիայի, դեմարկացիայի այս գործընթացից որևէ մի լավ բան չպետք է սպասել, քանի դեռ Երևանում կառավարության գլխին են կանգնած այս թուրքամետ ուժերը։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Եռակո՛ղմ լինի, քառակո՛ղմ լինի, Ռուսաստան լինի, կապ չունի, թե ով է միջնորդում, քանի դեռ իշխանության են թուրքահպատակ մարդիկ, որոնք պատրաստ են ցանկացած զիջման թուրքական կողմին»,- ասաց Շաքարյանցը՝ հավելելով, որ այդ ապաշրջափակում ասվածը պարզապես միֆ է։ Ո՞ր մի նորմալ մարդը որևէ մի տեղ գնալու համար՝ իմանալով, որ ամեն րոպե կարող է հարձակման ենթարկվել, կցանկանա անցնել թուրքական տարածքով։

«Աննորմալ կլինի այն մարդը, որը հույսերը կապում է այդ եռակողմ նիստի հետ։ Միջնորդ հանդիսացող անձինք, ովքեր ցանկություն են հայտնել լինել միջնորդ, պետք է պարտադրեն Ադրբեջանին դուրս գալ բոլոր հայկական տարածքներից։ Պետք չէ որևէ լավ բան սպասել այս ձևավորված հանձնաժողովից, պատրաստվեք վատագույն սցենարին»։

Շաքարյանցի կարծիքով, իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև բացառված է․

«Թե ինչ սկզբունքներով կգործի հանձնաժողովը, դժվար է ասել, միգուցե պրիմիտիվ առևտրի սկզբունքո՞վ, չեմ կարող պատկերացնել՝ ինչ սկբունքով է գործելու, եթե ակնհայտ է, որ որևէ մեկը չի պատրաստվում ճնշում գործադրել թուրքական զավթիչների դեմ, հետևաբար, եթե պարտված ես, պարտվելու ես մինչև վերջ»։

Հարցին՝ արդյոք հանրությունը չպետք է իմանա՝ իրենց վերաբերվող հարցերն ինչպես են քննարկվում դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսում, Շաքարյանցը նշեց․

«Կարծում եմ, որ մանավանդ սահմանամերձ այդ տարածքում բնակվողները պետք է իմանան, նրանց պետք է պատշաճ կերպով տեղեկացնեն գործընթացի վերաբերյալ, քանի որ դա անմիջականորեն անդրադառնալու է իրենց ապրելակերպի վրա։ Սակայն կլինի նման բան, թե ոչ, դժվար է ասել»։

Մերի Գևորգյան