Արցախի գյուղերում իրավիճակին հարմարվել են․ ունեցածից չեն բողոքում

202-օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։ Արցախցուն սնունդ, դեղորայք դժվար է հասնում, բայց նույն ժամանակ ունեցածից չեն բողոքում։
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել էին լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել էին ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:
Վերջին օրերին, սակայն, այս համայնքները կրկին հնարավորություն ունեն Ստեփանակերտի հետ կապի մեջ լինելու, ավտոբուս է գործում։
MediaHub-ի հետ զրույցում Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը պատմեց, որ հիմա գյուղում ճգնաժամային իրավիճակը մի փոքր մեղմվել է։
«Կարմիր խաչի և Կառավարության կողմից հիմա ամեն ինչ հասնում է մեզ, որպես այդպիսին, հիմա խնդիր չկա գյուղում, ինչ խնդիր էլ, որ առաջանում է, հնարավորինս շուտ է լուծվում։ Գյուղում ծանր հիվանդներ չկան։ Իրավիճակին հարմարվել ենք, այն ինչ ունենք այսօր, մեզ համար սովորական է դարձել»,-ասաց նա։
Հին Շենի վարչական ղեկավար Սամվել Սարգսյանն էլ պատմեց, որ երկու շաբաթ է՝ դեպի Ստեփանակերտ գնացող ավտոբուս ունեն, կապը պահպանվում է։
«Մենք դաշտավարությամբ չենք զբաղվում, հացահատիկ չենք մշակում, հիմնականում այգիներ, բանջարանոցներ ունենք և մրգեր։ Բանջարեղենները մեզ մոտ թանկ վաճառելու խնդիր չունենք։ Վերջին օրերին Ադրբեջանը սադրանքների է դիմում, բայց մեր գյուղում դեռ նման դեպք չի գրանցվել։ Փորձում ենք համակերպված ապրել»,-նշեց Սարգսյանը։
Լիաննա Թորոսյան