Բորրելը Թրամփին համեմատել է իսպանացի բռնապետ Ֆրանկոյի հետ․ նաև տարբերություն է նշել

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահագները համեմատել է բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի օրոք Իսպանիայի հետ։ Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ լսումների ժամանակ։
«ԱՄՆ-ն այն երկիրը չէ, ինչ Օբամայի օրոք էր։ Դա նման է Իսպանիային նայելուն. դա նույն երկիրը չէ Գոնսալեսի և Ֆրանկոյի օրոք»,- ասել է Բորրելը:
Ֆրանցիսկո Ֆրանկոն 1936 թվականի պետական հեղաշրջման նախաձեռնողներից էր եղել, որը վերաճել էր եռամյա քաղաքացիական պատերազմի։ 1939-ին նա եկել էր իշխանության ու հաստատել աջ ամբողջատիրական ռեժիմ։ Ֆելիպե Գոնսալեսը զբաղեցրել էր Իսպանիայի վարչապետի պաշտոնը 1982-1996 թվականներին։ Նա եղել է առաջին սոցիալիստ վարչապետը հետֆրանկոյական Իսպանիայում։
ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Ֆրանկոյի և Թրամփի միջև կա միայն մեկ տարբերություն՝ Հանրապետական գործիչն ընտրվել է ԱՄՆ քաղաքացիների կողմից, և քաղաքական գործիչը «լիովին արտացոլում է» ամերիկացի ընտրողների շահերը։
«Ամերիկացիների ընտրությունն աշխարհի վերջը չէ, այլ նոր աշխարհի սկիզբը»,- ընդգծել է դիվանագետը։
Բորրելը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետականի ընտրությունը պետք է խրախուսի Եվրամիությանը «ճակատագիրն իր ձեռքը վերցնել» անվտանգության ոլորտում ու «ռազմական դերակատարում ունենալ»։