Թագուհին մահացավ, կեցցե թագուհին. բայց չմոռանանք Մեծ Բրիտանիայի իրական դերը Հայաստանի համար

Թագուհին մահացավ, կեցցե թագուհին. բայց չմոռանանք Մեծ Բրիտանիայի իրական դերը Հայաստանի համար

Հարավային Կովկասի կարևորությունը Մեծ Բրիտանիայի գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից նախ և առաջ պայմանավորված է տարածաշրջանում հարուստ էներգետիկ պաշարների առկայությամբ, ինչպես նաև վերջինիս կարևոր տարանցիկ նշանակությամբ։

Հետխորհրդային ժամանակաշրջանում ՄԹ-ը մեծ ակտիվություն է դրսևորել հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների ժամանակ, և անմասն չի մնացել Արցախյան հակամարտության հարցում։ Ընդ որում, ուշագրավ է այն փաստը, որ լինելով ՄԱԿ-ի ԱԽ անդամ և ունենալով տարածաշրջանում ազդեցության լուրջ լծակներ, Լոնդոնը սովորաբար նախապատվությունը տվել է հենց փափուկ ուժի կիրառմանը։

Ընդհանուր առմամբ, օբյեկտիվ պատճառներով Հարավային Կովկասում ՄԲ-ի հիմնական գործընկերը դարձել է Ադրբեջանը։ Սա նախ և առաջ պայմանավորված է ՄԲ-ի էներգետիկ և տնտեսական շահերով և Ադրբեջանում կատարած հսկայածավալ ներդրումներով։ Հետևաբար, Լոնդոնը տարածաշրջանի մյուս երկրների հետ իր հարաբերությունները կառուցելիս ելնում է վերոհիշյալ հանգամանքներից։

Դեռևս 1994թ Բաքվում ստորագրվեց, այսպես կոչված, «Դարի գործարքը», որի արդյունքում բրիտանական Բրիթիշ Փեթրոլիումը դարձավ Ադրբեջանի նավթային ոլորտում հիմնական օտարերկրյա ներդրողը։ «Դարի գործարքի» ստորագրումից հետո Ադրբեջանում նավթի արդյունահանման նպատակով ստեղծված միջազգային կոնսորցիումի ամենախոշոր օտարերկրյա բաժնետերը դարձավ հենց Բրիթիշ Փեթրոլիումը։ Դրան հաջորդող տարիներին բրիտանական ընկերությունն ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի նավթագազային ոլորտում իրականացված գրեթե բոլոր, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար, Հարավային գազային միջանցք։ Բրիտանական կապիտալը ներգրավված է նաև Ադրբեջանի տնտեսության այլ ճյուղերում։ Ընդհանուր առմամբ, այդ երկրում բրիտանական ընկերությունները կատարել են տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ։

Արդեն 2017թ. կնքվեց «Դարի գործարք-2»-ը, որի արդյունքում Բրիթիշ Փեթրոլիումը շարունակեց պահպանել միջազգային կոնսորցիումի ամենամեծ մասնաբաժինը՝ շուրջ 30%-ը։ Միջազգային նավթագազային ընկերությունների կողմից ադրբեջանական «Ազերի», «Չիրաղ», «Գյունեշլի» նավթահանքերի շահագործման և կառավարման վերաբերյալ այս համաձայնագրով ԱՉԳ նավթահանքերի շահագործումը երկարաձգվեց 32 տարով՝ մինչև 2050 թվականը, որի ընթացքում նախատեսվում է արդյունահանել նվազագույնը 500 միլիոն տոննա նավթ։ Ուշագրավ է, որ չնայած այս վերջին համաձայնագրով բոլոր միջազգային ընկերությունների, այդ թվում ԲՓ-ի մասնաբաժինը կրճատվեց՝ ի հաշիվ ադրբեջանական ՍOԿԱՌ-ի մասնաբաժնի ավելացման, սակայն բրիտանական ընկերությունը պահպանեց ամենամեծ բաժնետիրոջ կարգավիճակը։

Սա վկայում է այն մասին, որ տարածաշրջանում, մասնավորապես` Ադրբեջանում ՄԲ-ի և բրիտանական ընկերությունների հետաքրքրությունները երկարաժամկետ են։ Այս տեսանկյունից Մեծ Բրիտանիայի համար կարևորություն են ստանում ոչ միայն հարաբերությունները հիմնական գործընկեր Ադրբեջանի և այնտեղից էներգակիրների արտահանման համար տարանցիկ նշանակություն ունեցող Վրաստանի ու Թուրքիայի հետ, այլև տարածաշրջանի բոլոր դերակատարների, այդ թվում` Հայաստանի հետ։ Տարածաշրջանի բոլոր երկրներում սեփական ազդեցության մեծացումը ՄԲ-ի համար կարևոր է այնտեղ տեղի ունեցող գործընթացների կանխատեսելիության ապահովման, սեփական ներդրումների պաշտպանության և աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման տեսանկյունից։ Բայց մեկ վերապահումով՝ առանց կարևոր գործընկեր Բաքվի շահերի ստորադասման. սա է հիմնական ու կարևոր մեխը, որ միշտ պետք է հիշենք Հայաստանում:

Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի թվացյալ ոչ այնքան մեծ քաղաքական և դիվանագիտական ներկայության պայմաններում, բավականին մեծ ակտիվություն են դրսևորում բրիտանական հովանու ներքո գործող տարատեսակ հասարակական կազմակերպություններն ու վերլուծական կենտրոնները։ Բրիտանական կամ վերջինիս հետ փոխկապակցված միջազգային վերլուծական կենտրոնները ակտիվորեն մասնակցում են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ փորձագիտական քննարկումներին և հասարակություններին խաղաղության նախապատրաստելու տարատեսակ ծրագրերին։

Հայաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը ավանդաբար ավելի համեստ է եղել, քան Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում, ինչը առաջին հերթին պայմանավորված է Հայաստանում ՌԴ ամուր դիրքերով։

Արդեն անդրադարձանք այն հարցին, թե Հարավային Կովկասում իր բիզնես-քաղաքական շահերը առաջ տանելու նպատակով Մեծ Բրիտանիայի համար ինչպիսի կարևոր դերակատարում ունեն իր հովանու ներքո գործող տարբեր ուղեղային կենտրոններն ու հասարակական կազմակերպությունները։ Մինչև 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը վերջիններս օգտագործվում էին ոչ միայն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա ներազդելու, այլև Հայաստանում քաղաքական գործընթացների վրա որոշակի ազդեցություն ձևավորելու նպատակով։ Պատահական չէ, որ Մեծ Բրիտանիան 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ և դրանից հետո մեծ մասամբ չէր թաքցնում «հեղափոխական» ուժերի նկատմամբ իր համակրանքը։

2019թ ամռանը տեղեկատվություն տարածվեց, որ Մեծ Բրիտանիան ցանկանում էր Հայաստանում նոր դեսպան նշանակել հայազգի Ալան Գոգբաշյանին, սակայն հետագայում այս որոշումը վերանայվեց։

Իշխանափոխությունից հետո բրիտանական փափուկ ուժը Հայաստանում մի կողմից սկսեց նպաստել նոր իշխանության կայացմանը, մյուս կողմից՝ ակտիվացրեց ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ կարգավորման գործընթացում նոր գաղափարներ գեներացնելու միջոցով։

Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ շահերի տեսանկյունից բնական է վերջինիս շահագրգռվածությունը հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում։ Տարածաշրջանում Ադրբեջանի հետ առանձնահատուկ, սերտ համագործակցությունը այս հարցում ՄԲ-ին դրդում է նաև ավելի կողմնակալ դիրքորոշման, որը և արտացոլվում է բրիտանական փափուկ ուժի կողմից հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջ քաշվող ոչ այնքան հայանպաստ գաղափարներում։

Հարկավոր է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի Հայաստանը ոչ թե ստիպված լինի իր արտաքին քաղաքական օրակարգը հարմարեցնել այս կամ այն գերտերության տարածաշրջանային շահերին, այլ դրանց ճիշտ համադրության շնորհիվ կարողանա առաջ մղել սեփական օրակարգը։ Այս առումով Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի ներկայությունը հնարավոր է և պետք է օգտագործել ի շահ Հայաստանի, այդ թվում նաև Արցախյան հարցում… սակայն մինչ օրս դա մեզ չի հաջողվել և Արցախյան վերջին պատերազմը, որի ժամանակ ադրբեջանա-բրիտանական և ոչ մի գազամուղ չխոցվեց, առհասարակ՝ Ադրբեջանի ստրատեգիական ոչ մի կարևոր կետ չոչնչացվեց հենց դրա վառ վկայությունն են: