«Nə oldu Paşinyan»․ թուրք լրագրողների ծաղրական ռեպորտաժները՝ Հայաստան այցից հետո 

«Nə oldu Paşinyan»․ թուրք լրագրողների ծաղրական ռեպորտաժները՝ Հայաստան այցից հետո 

Նիկոլ Փաշինյանի կառավարության տեղեկատվական և վերլուծական ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, որ կազմակերպել էր թուրք լրագրողների մեդիատուրը Հայաստան, այսօր մի հիացական գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, թե որքան արդյունավետ է եղել այդ այցը Հայաստանի համար և թե ինչ դրական, Հայաստանի տեսակետը ներկայացնող ռեպորտաժներ են պատրաստել թուրք լրագրողները Հայաստանից վերադառնալուց հետո։ 

«Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել»,- գրել է Ծառուկյանը՝ հավելելով, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներ չեն խուսափել շրջանառել այն առանցքային ուղերձը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։ 

Այն, որ Փաշինյանի կառավարությանը սպասարկող ՊՈԱԿ-ի տնօրենը պետք է այսպես հիացական տողերով արտահայտվեր թուրք լրագրողների ու նրանց պատրաստած ռեպորտաժների մասին, պարզ է։ Բայց դա՝ միայն իշխանական ՊՈԱԿ-ի տնօրենի աչքերով։ Իրականում կա նաև դրա հակառակ կողմը։

Օրինակ՝ լրագրող Անի Ավետյանը, որ տիրապետում է թուրքերենին, Գոռի գրառմանը զուգահեռ այսպիսի հրապարակում է արել․ «Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ խայտառակ վիդեոներ են հրապարակում թուրքական հեռուստաալիքները Հայաստանում նկարահանումներից»։

Անիի դիտարկմամբ՝ նույն թուրքական ալիքի մի լրագրողը Հայոց ցեղասպանությունը ճանաչում է, մյուսը՝ ժխտում, բայց այս իշխանությունները Հայաստան են բերել ժխտողին։ Իսկ լրագրողներից մեկի պատրաստած ռեպորտաժը սկսվում է Ալիևի՝ Նիկոլին ուղղված հայտնի ծաղրական արտահայտությամբ՝ «Nə oldu Paşinyan», որը թարգմանաբար նշանակում է՝ «Ի՞նչ եղավ, բա, Փաշինյան»։

Խոսքը CNN Turk News-ի տնօրեն Ինդրիս Արըքանի պատրաստած ռեպորտաժի մասին է, որը վերնագրված է այսպես․ «Ցեղասպանության պահանջը, Ադրբեջանի հետ լարվածությունը․․․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն իրականություն կդառնա՞»։

Ու այս ռեպորտաժի հենց առաջին կադրը Ալիևի հաղթական ծաղրանքն է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ռեպորտաժի կարճ նկարագրության մեջ ասվում է․ «Հայաստանի՝ ցեղասպանության մասին պնդումները և Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ «եկեք տարանջատենք պատմությունը քաղաքականությունից», հարցեր են առաջացնում, թե հնարավո՞ր է, արդյոք, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Օրակարգային կարևոր հարցերից է նաև ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը և փախստականների վերադարձի հարցը»։ 

Ահա այսպիսի ռեպորտաժներով են հանդես եկել թուրք լրագրողները՝ ծաղրելով Հայաստանի իշխանություններին և տարածելով հակահայկական թեզեր, որոնք, փաստորեն, շատ են դուր եկել թուրք լրագրողներին մեր հարկերի հաշվին Հայաստան հրավիրածներին։ Թեպետ՝ նորմալ է, որ հենց այդպիսի՝ պրոթուրքական և պրոադրբեջանական թեզերով ռեպորտաժներն են հավանել Կառավարությունում, չէ՞ որ այդ նույն կառավարության ղեկավարն ինքն է առաջինը հենց այդպիսի թեզեր գեներացնողը, և թուրք լրագրողները հենց նրա խոսքից են նաև օգտվել։ 

Վահե Մակարյան