Ընդդիմության ծրագրային հանրահավաքը․ պայքարի նոր փուլ

Իշխանության թեզերից մեկը, թե ընդդիմադիր շարժումը մարում է՝ երեկ կատարելապես հերքվեց։ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որի հաջորդեց երթը՝ հզոր էներգետիկայով։ Ի դեպ, հանրահավաքի բազմամարդությունը չի կարողացել հերքել անգամ իշխանամերձ ՀԿ-ներից մեկը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:47-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ: Քաղաքական անցուդարձին տեղյակ մարդիկ պնդում են, որ հանրահավաքին առնվազն երկու անգամ ավելի մարդ է մասնակցել, քան նշված է հայտնի կազմակերպության հաղորդագրության տեքստում։
Իշխանության մյուս թեզն այն էր, թե հարթակի ընդդիմությունը չունի ծրագիր։
Երեկ Իշխան Սաղաթելյանը հանգամանալից ներկայացրել է ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող սկզբունքների ամբողջություն՝ ուրվագծելով այլընտրանքային քաղաքականության օրակարգը։ Մասնավորապես, ապագա ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կարևոր առաքելություններից մեկը լինելու է․ «Կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ»:
Իշխանության մյուս թեզն այն է, թե իբրև ընդդիմության նպատակը ոչ թե լեգիտիմ իշխանության ձևավորումն է, այլ՝ իշխանության զավթումը։ Ընդդիմության ներկայացրած փաստաթղթում ասված է․ «Իրավիճակի կայունացումից հետո (ենթադրաբար 1-1.5 տարի հետո) կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ»։
Իշխան Սաղաթելյանը ձևակերպել է նաև հաղթանակի բանաձևը․ «Ի՞նչ է պետք դրա համար։ Ընդամենը մի բան, սիրելի՛ հայրենակիցներ, մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ սա է առաջիկա օրերին մեր առջև դրված խնդիրը»։
Այսօր մեկնարկում է պայքարի նոր փուլ՝ հենց այս տրամաբանությամբ։
Վահրամ Բագրատյան