Ջերմուկում խաղաղ է, բայց ավագանու անդամը հրավիրում է խրամատ փորելու

Ջերմուկում խաղաղ է, բայց ավագանու անդամը հրավիրում է խրամատ փորելու

Երեկ Ջերմուկ համայքնի ավագանու անդամներից մեկը՝ Սյուզաննա Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր արել՝ քաղաքացիներին հրավիրելով Ջերմուկում խրամատ փորելու։ Նա նշել էր, որ ցանկացողների սննդի ու կեցության կարիքներն իրենք կհոգան։ 

Ի՞նչ խրամատների մասին է խոսքը․ MediaHub.am-ի հարցին Սյուզաննա Ավետիսյանը պատասխանեց, որ իր գրառումը վերաբերում է հոկտեմբերի 27-30-ը Ջերմուկում անցկացվելիք ռազմահայրենասիրական, ռազմամշակութային նախաձեռնությանը, որի կազմակերպիչն ինքը չէ, պարզապես միացել է դրան ու ֆեյսբուքյան իր ընկերներին ևս միանալու կոչ է արել։

«Ես ուղղակի միացել եմ այդ նախաձեռնությանը»,- նշեց նա։ 

Նշենք, որ ավելի վաղ մամուլն անդրադարձել էր այս գրառմանը՝ նշելով, որ ՊՆ-ն թերացել է իր աշխատանքում, ուստի ավագանու իգական սեռի ներկայացուցիչն իր փխրում ուսերին է վերցրել այս գործը։ Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ համայնքում մարդիկ խաղաղ, բնականոն կյանքով ապրում են։ Նա նկատեց՝ ՊՆ-ի գործառույթին չեն միջամտում իրենք, տեղյակ էլ չէ՝ ինչ խրամատ փորելու մասին է խոսքը.

«Ճանապարհաշինական աշխատանքներ ենք տանում։ Թշնամու հարվածից վնասված կառույցները վերականգնել ենք, մարդիկ վերադարձել են իրենք համայնք»,- նշեց նա։

Նկատենք, որ ավագանու անդամի նման գրառումը, այն էլ այս փուլում, երբ թշնամին սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո շարունակում է մնալ Ջերմուկի մոտակայքում, տեղին չէ, եթե չասենք՝ որոշակի իմաստով խուճապ հարուցող:

Ի վերջո, լինելով ավագանու անդամ, ասել է թե՝ հանրային գործունեություն ծավալող անձ, հարկ է հայտարարություն անելուց առաջ պատկերացնել, թե ինչ արձագանք կամ ազդեցություն կարող է ունենալ իր խոսքը: 

Նարե Գնունի