Մեկ մարդու բռնապետություն

Մեկ մարդու բռնապետություն

Գրիգոր Բեքմեզյանը դադարեցնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները (ԲԴԽ): Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Բեքմեզյանը, հավելելով՝ համապատասխան դիմումը ներկայացրել է Խորհրդին:

«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհրդի անկախության մասին իմ և Խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումները իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով», - գրել է նա։

Ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում նման գրառումը ներքաղաքական ճգնաժամի պատճառ կդառնար, ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը կպահանջեին կառավարության հրաժարականը:

Ի՞նչ է, ըստ էության, ասում Բեքմեզյանը:

Նա ակնարկում է, որ գործադիր իշխանությունն անում է քայլեր, որոնցով կասկածի տակ է դնում դատական իշխանության, դատարանների անկախությունը: ԲԴԽ արդեն նախկին անդամի համբերության բաժակը, թերևս, լցվել է այն բանից հետո, երբ կառույց է գործուղվել Կարեն Անդրեասյանը, որը ենթադրաբար նոր «խաղի կանոնների» մասին իրազեկել է դատական բարձրագույն մարմնի այլ անդամների:

2018-ի հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը բարեփոխելու իրական հնարավորություններ ուներ, բայց նա այս ոլորտն էլ ձախողեց՝ մյուսների օրինակով ու որոշեց ընդամենը վերահսկելի դատական համակարգ ունենալ: Մի համակարգ, որը բացառապես ծառայելու է իշխանության շահերին ու պատժիչ գործիք է դառնալու ընդդիմության դեմ:

ԲԴԽ–ն մինչև վերջերս «նայում» էր Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, նույնիսկ, վերջինիս սկանդալային հրաժարականից հետո իշխանությունները դասեր չքաղեցին:

Փաշինյանի նկարով ոգեշնչվող Անդրեասյանն ուղարկվեց ԲԴԽ, որպեսզի նա վարչապետի անձով «ոգեշնչի» ամբողջ դատական համակարգը:

Հայաստանում հաստատվում է մեկ մարդու բռնապետություն:

Վահրամ Բագրատյան