Միրզոյան- Չավուշօղլու հանդիպում․ ո՞ւր է տանում գործընթացը

Միրզոյան- Չավուշօղլու հանդիպում․ ո՞ւր է տանում գործընթացը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների:

ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։

Սա պատմական այս հանդիպման պաշտոնական հաղորդագրությունն է, որում «առանց նախապայմանների» շեշտադրումն ավելի շատ հասցեագրված է Հայաստանի հասարակության մտահոգությունների փարատմանը։

Իհարկե, այդ ձևակերպումը բնավ էլ չի նպաստել, որ մեդիահարթակներում կամ սոցցանցերում միայն դրական լույսի ներքո քննարկվի Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Օրինակ, շատերին մտահոգել էր Արարատ Միրզոյանի լայն ժպիտը, որոն ամենևին էլ ներդաշնակ չէ հայ-թուրքական այսօրվա հարաբերությունների մակարդակին։ Պետական արարողակարգերին ավելի քաջատեղյակ մարդիկ մտահոգություն են հայտնում, որ պաշտոնական Անկարան լուրջ վերաբերմունք չունի հայկական կողմի հանդեպ, ինչի վկայությունն է այն հանգամանքը, որ Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական հանդիպմանը ներկայացել էր՝ առանց փողկապի։

Բայց, ըստ իս, շատ ավելի կարևոր են ոչ թե արարողակարգային «նրբությունները», այլ Թուրքիայի նախարարի որոշ արտահայտություններ, որոնք մասնակի պատկերացում են տալիս հայ-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակի մասին։

«Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ուղղված քայլերը: Հայաստանի և Թուրքիայի քայլերը դրական են նաև գնահատվում Ադրբեջանում: Բաքուն աջակցում է այս գործընթացին: Խաղաղությունն ու տարածաշրջանի կայունությունը բոլորի շահերից է բխում», - երկու նախարարների հանդիպման ավարտին ասել է Մևլյութ Չավուշօղլին:

Սա առնվազն նշանակում է, որ հայ-թուրքական դիալոգն ավելի ընդգրկուն գործընթաց է, որտեղ շոշափվելու են բազմաշերտ շահեր, խնդիրներ, որոնք առնչություններ ունեն տարածաշրջանային համագործակցության ու անվտանգության նոր ձևաչափերին։

Եթե հայ-թուրքական դիալոգը փոխկապակցվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ՝ Երևանի ու Բաքվի միջև չլուծված խնդիրների համատեքստում, ապա «առանց նախապայմանների» արտահայտությունը, մեղմ ասած, դառնում է պայմանական, եթե չասենք՝ ֆորմալ ու ձևական։

Այս իմաստով՝ պաշտոնական Երևանը պարտավոր է որոշակի պարզաբանումներ տալ խորհրդարանին, հասարակությանը, մանավանդ, որ գործընթացին «տեղյակ» Ադրբեջանը վերջին օրերին հումանիտար ճգնաժամ է ստեղծել Արցախում։

Վահրամ Բագրատյան