Փաշինյանի նկարով ոգեշնչվողը

Փաշինյանի նկարով ոգեշնչվողը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԲԴԽ  նախագահ, արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն է: 

Նա «անուրանալի» ծառայություն է մատուցում Նիկոլ Փաշինյանին՝ դատական համակարգն ամբողջովին գործադիր իշխանության վերահսկողության տակ դնելու համար: 

«Սկզբունքայինը» 

Արդեն նախկին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցն երեկ ընտրվել են (67 կողմ, զրո դեմ ձայներով) Բարձրագույն դատական խորհրդի անդամներ: Նրանց առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:

Կարեն Անդրեասյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր (նույնիսկ հավակնում էր նոր վարչության անդամության), որից հրաժարվել է սեպտեմբերի 20-ին, քանի որ ԲԴԽ-ն անկախ մարմին է, որի անդամները պետք է լինեն անկուսակցական։

«Այո, կարող եմ անցնել ճանապարհ, բայց իմ սկզբունքներից չեմ շեղվում, իսկ իմ առաջին սկզբունքը հետևյալն է, որ եթե Սահմանադրությունն ու օրենքը քեզ ասում են՝ չպիտի լինես կուսակցական, ես անկեղծորեն չեմ լինելու և չեմ կուսակցական այն օրվանից, որ վայր եմ դրել իմ լիազորությունները», - ասել է նա՝ հավելելով,  թե որևէ իշխանություն չի կարողանա ազդել իր վրա: 

ՀՀԿ՞, թե՞ ՔՊ... 

Գուցե անկեղծորեն հավատայինք Անդրեասյանին, եթե գործող իշխանությունն ամբողջովին չկրկներ այն ձեռագիրը, որը բնորոշ է հին համակարգին:

Բացի այդ, Փաշինյանի թիմը զուգահեռաբար կուսակցականացնում է քաղաքական չեզոքություն պահանջող բոլոր մարմինները՝ ԲՈւՀ-եր, ԿԸՀ, ԲԴԽ: Ընդհանուր միտում է՝ նույնիսկ առանց ավելորդ ձևականությունների:

Իսկ կոնկրետ Անդրեասյանի համար Փաշինյանը նույնիսկ պաշտամունքի աղբյուր է: Երևի հիշում եք, որ նախարար Անդրեասյանն ասել էր, որ իր աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը փակցրել է՝ ոգեշնչման նպատակով:

Վահրամ Բագրատյան