Հիմա ռիսկային գոտի է ամբողջ Հայաստանը, անգամ Երևանը 

Հիմա ռիսկային գոտի է ամբողջ Հայաստանը, անգամ Երևանը 

Չնայած ջերմուկցիների պնդմանը, որ քաղաքում 2022 թվականի ռազմական գործողություններից հետո արտագաղթ կա, Ջերմուկի բնակիչ Գերասիմ Մուշեղյանը փեթակների արտադրամաս է հիմնել ու զբաղվում է նաև մեղվաբուծությամբ։

Նախկինում ՌԴ մայրաքաղաք արտագնա աշխատանքի մեկնած Գերասիմին և ընկերոջը բիզնեսը զարգացնելու համար աջակցել է Եվրամիության Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը։ 

«EU4IMPACT Armenia» ծրագիրն օգնեց մեզ, որ մնանք Հայաստանում։ Տրամադրված գումարին մենք էլ ենք ավելացրել, գնել անհրաժեշտ սարքավորումներ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գերասիմը։ 

Նա հստակ որոշում է կայացրել՝ Ջերմուկից չեն հեռանալու։ 

ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրին մասնակցել ու դարձել է շահառու։ Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն կտան մեծացնել արտադրությունը։ 

«Մեծ շուկա դեռ չենք մտել, բայց իրացման խնդիր չունենք։ Տուրիստների հաշվին հնարավոր է դառնում վաճառել արտադրված մեղրը։ Ջերմուկի մեղրից ավելի շատ օգտվում են արաբները»,- նշեց մեր զրուցակիցը։

Ջերմուկում արարելը նպատակ է՝ հակառակ ռիսկերին. «Ռիսկային է ամբողջ Հայաստանը, ինձ համար տարբերություն չկա, արդեն Երևանն էլ է ռիսկային»:

Գերասիմը պայքարելու կոչ է անում, մնալ ու շենացնել։ Իսկ Ջերմուկի բարձունքներից քաղաքին նայող ադրբեջանական զորքը՝ վստահ է, վաղ, թե ուշ կհեռանա։

Հունան Թադևոսյան