Ռուբեն Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ Վարդան Ավագյան
Երրորդ օրն է, ինչ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ու նույն կուսակցության անդամ Վարդան Ավագյանը հացադուլ են հայտարարել՝ հաջակցություն Բաքվում պահվող հայ ռազմագերիների։
Այսօր տեղեկացանք, որ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է։ Մինչ կհասնեինք Ազատության հրապարակ, բժիշկներին հաջողվել էր Թանդիլյանի վիճակը կայունացնել, և վերջինս քնել էր։
«Այո՛, Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է, բայց մենք շարունակելու ենք մեր անժամկետ հացադուլը։ Այսկերպ մենք մեր ձայնն ենք հնչեցնում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Վարդան Ավագյանը։
Նրա խոսքով՝ եթե իրենք ազատության մեջ են հացադուլ անում, ապա Ռուբեն Վարդանյանը 14 օր է՝ Բաքվի բանտում է հացադուլ անում։
«Առողջական վիճակն արդեն ծայրահեղ է։ Եվ մենք պետք է հնչեցնենք մեր ձայնը։ Եթե մարդիկ կարծում են՝ մեր այս պահանջը գրգռելու է Ադրբեջանին, ապա ընդհակառակը, պետք է մեր ձայնն ավելի լսելի դարձնենք։ Բաքվի բանտերում դատվում են հայորդիները։ Դատական ֆարս է տեղի ունենում։ Բոլորը պետք է պայքարեն, բարձրաձայնեն, քանի որ Բաքվի բանտերում դատվում է հայ ժողովուրդը, հայի արժանապատվությունը»,- նկատեց նա։
Հարցին, թե արդյո՞ք այս ամենն ավելի վատ հետևանք չի ունենա, հատկապես, երբ իշխանությունն իր լռությունը հենց այդ ամենով է արդարացնում՝ նշելով, թե հրապարակային խոսքն ավելի կվնասի, Վարդան Ավագյանը պատասխանեց՝ դա ՀՀ իշխանությունների անգործության արդարացումն է։
«Այն, որ խոշտանգումներ են լինում, դուք տեսնում եք։ Բայց եթե լռենք, ոչինչ չի փոխվելու, նրանք շարունակելու են իրեն հայատյաց քաղաքականությունը։ Մենք պետք է խոսենք, պետք է բռնենք Ադրբեջանի ձեռքը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա վստահեցրեց՝ շարունակելու են հացադուլը, քանի դեռ իրենց ձայնը լսելի չի դարձել։
«Ռուբեն Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում, անընդունելի է սա»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նարե Գնունի