Արցախն ազատագրած ամուսնու շիրիմին չհասցրեց գնալ, բայց թևաթափ լինելու ժամանակ չկա

«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»,- ասում է 37 տարի սերունդ կրթած, Ստեփանակերտի նախկին արհեստագործական ուսումնարանի փոխտնօրեն, «Հայ-իտալական կրթահամալիրի» մանկավարժ տիկին Լորան ու արցունքախառը ժպտում` հիշելով Արցախում ստեղծածը, այնտեղ թողածն ու վաստակածը։
Ուսուցչությանը զուգահեռ Լորա Պողոսյանը զբաղվում էր նաև հրուշակեղենի արտադրությամբ։ MediaHub-ին պատմում է, որ տեղահանվելիս մտածել է միայն երեխաների փրկության մասին, իսկ Արցախն ազատագրած ամուսնու շիրիմին չի կարողացել գնալ: Երեխաներին չի կարող կոտրված տեսնել ու որոշեց Հայաստանում նորից սկսել իր արցախյան փախլավաների և հրուշակեղենի արտադրությունը:
«Նոր հասցես Աշտարակի Կարբի գյուղն է։ Տանը՝ որտեղ ապրում եմ, որոշեցի վերսկսել իմ սիրած գործը, դրա համար ընդամենը կամք էր պետք ու սկզբի համար որոշակի պարագաներ։ Հիմա, երբ ոչինչ չունենք՝ տուն, տեղ, աշխատանք, սա անհրաժեշտություն է: Ջեռոցս թողել եմ Ստեփանակերտի իմ տանը։ Այստեղ գտնվեց Նարեկ անունով մի բարի մարդ, ով ջեռոց նվիրեց և արցախյան իմ պատրաստած առաջին փախլավան պատվիրեց իր ռեստորանի համար, իսկ երբ աղջիկս հայտարարություն տվեց իր էջում, պատվերները շատացան ու գտնվեցին էլի բարի մարդիկ, ովքեր ջեռոց և անհրաժեշտ պարագաներ նվիրեցին, որովհետև պատվերներն արդեն շատ էին և մեկ ջեռոցը չէր հերիքում»,- ասում է նա:
Գործում տիկին Լորային օգնում են զավակները՝ դուստրն ու որդին:
Հիմնական պատասխանատվությունն, իհարկե, ինքն իր վրա է վերցնում, պատվերների առաքումների հարցում՝ որդին է օգնում: Այսպես, իրար թև ու թիկունք լինելով, ընտանիքը կարողանում է արդար աշխատանքով հոգալ ընտանեկան ծախսերը, լուծել խնդիրները։
«Մենք բիզնես չենք անում, մենք աշխատում ենք, որ վաստակենք հալալ քրտինքով: Նվնվալու ժամանակ չկա, պիտի աշխատենք։ Այդպես առանց ամուսին մեծացրել եմ նաև 4 զավակներիս»։
Բլոկադայի ողջ ընթացքում տիկին Լորան գիշերները հացի հերթ էր կանգնում: Վերջին օրերին, երբ արդեն հացի փռերը չէին աշխատում, անձամբ էր թխում վառարանի վրա և մարդկանց բաժանում. «Ո՞վ կիմանար, որ մի օր ամեն ինչ կկորցնենք և որպես ապրելու միջոց կմնա միայն իմ արհեստը, իմ պատրաստած փախլավան ու թխվածքների տեսակները»։
Տիկին Լորան խորհուրդ է տալիս՝ մասնագիտությանը զուգահեռ մարդ պիտի արհեստ ունենա, այն ավելի շատ է պետք գալիս, մանավանդ, երբ հայտնվում ես անորոշ իրավիճակում։
Հունան Թադևոսյան