Երևան- Ստեփանակերտ. վտանգավոր խզում

Երևան- Ստեփանակերտ. վտանգավոր խզում

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը միանշանակ ընկալում չունեցավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ու հատկապես՝ Արցախում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:

ԱԽ-ն նիստում ընդունել է հայտարարություն, որի տեքստն, իհարկե, նույնպես ոչ միանշանակ ընկալում ունի նույնիսկ ԼՂ տարածքում:

Օրինակ, Արցախի ղեկավարությունը հայտարարում է. «Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից»:

Ի՞նչ է նշանակում՝ «գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից», արդյո՞ք Ստեփանակերտում գիտակցում են, որ, օրինակ, անկախության օրակարգը կարող է նոր ռիսկեր ծնել, բայց մնում են նույն դիրքորոշմանը:

Բնական է, որ Արցախում կարող են դժգոհել Փաշինյանի՝ Արցախից «ձեռքերը լվանալու» քաղաքականությունից: «Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը»,- ասված է Արցախի ԱԽ հայտարարության տեքստում:

Գնահատականը, թերևս, հստակ է, այլ խնդիր է, թե ինչքանով է իրատեսական Ստեփանակերտից հնչած լուծումը. «Արցախի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի և եղբայրների կայացրած որոշմանը, և ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»:

Արդյո՞ք միջազգային հանրությունը պատրաստ է քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն՝ այն պարագայում, երբ անգամ գոյություն չունի միջազգային կոնսոլիդացված ճնշում Ալիևի հանդեպ՝ Լաչինի միջանցքը բացելու հարցում:

Մյուս կողմից, Արցախի ԱԽ հայտարարությանը Նիկոլ Փաշինյանի երեկվա արձագանքը շատ ավելի խոցելի է: «ԼՂ մեր գործընկերները պետք է թույլ չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ անհնար դարձնելու մեջ»,- ասել է վարչապետը:

Եթե Արցախի ղեկավարության դիրքորոշմանը նման արձագանք է հնչում Երևանից, ապա ի՞նչ սպասել Բաքվից:

Երևանի և Ստեփանակերտի միջև առաջանում է վտանգավոր խզում, որն ավելի է սեղմում օղակն Արցախի շուրջ:

 

Վահրամ Բագրատյան