Արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ

Արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ

Ընկեր Փանջունին խորհրդարանում

Ինձ ստիպեցի լսել երեկ խորհրդարանում անցկացված լսումները՝ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

Լսումների մասնակիցների ելույթներից պարզ երևում էր, որ այդ մարդիկ տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ:

Այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս են՝ դա փաստ է: Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է: Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:

Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ամենապրոդուկտիվ և գործնականում ամենաաշխույժ ժամանակահատվածը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այն էական խթան է եղել ՀՀ բոլոր առաջնահերթությունների և պետական շահերի ռեալիզացման համար: Արցախի հարցը, ժողովրդավարական բարեփոխումները, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տնտեսությունից մինչև կրթա-մշակութային ոլորտները նշանակալի զարգացում են ապրել նաև ԵՄ հետ բալանսավորված համագործակցության շնորհիվ:

Թե Նիկոլն ինչ ավերածությունների ու արտաքին քաղաքական ձախողումների է հասցրել մեր երկիրը, ակնհայտ է:

Եթե լրիվ անկեղծ լիենք՝ Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ: Այդ կերպ հետագայում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև ԲՐԻԿՍ- ի ընդլայնման և ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկման համար:

Ես լրիվ հասկանում եմ հավաքական շահերից բխող ԵՄ այս քաղաքականությունը: Պատահական չէր նաև, որ երեկվա լսումների ընթացքում, փանջունիներն ավելի շատ քննադատում էին ՌԴ-ին, քան խոսում էին ԵՄ անդամության հայտից ակնկալվող դրական և բացասական հետևանքներից:

Բազմաթիվ հարցերից միայն երկուսը տամ, մենք պատրա՞ստ ենք արդյոք անցնել այն ճանապարհով, ինչ ճանապարհով հիմա անցնում է Ուկրաինան:

Իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է արդյոք ընդունել անդամության հայտ ներկայացրած և բանակցություններ սկսած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Կարծում եմ, որ ո՛չ: Մեր մասին նույնիսկ անիմաստ է հարցնել:

Պետք չէ շատ ոգևորվել աշխարհաքաղաքական բարդ խաղերով և անձնական գրանտային նախասիրություններով: Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից: ՀՀ իշխանափոխությունից հետո այդ կառույցները կրկին աշխատելու են հոգուտ Հայաստանի, այնպես ինչպես նախկինում էր:

Եթե ավելի անկեղծ լինենք՝ ԵՄ ապագան ևս դեռևս պարզ չէ: Իսկ Վրաստանի այսօրվա ինքնիշխան քաղաքականությունը ցույց է տալիս, թե ապագայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հարավային Կովկասում:

Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում:

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան