«Նովայա գազետա»-ն դադարեցրել է աշխատանքը
«Նովայա գազետա»-ն, որի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել, երկուշաբթի հայտարարել է, որ դադարեցնում է իր առցանց եւ տպագիր գործունեությունը՝ մինչեւ պատերազմի ավարտն Ուկրաինայում։ «Մենք կասեցնում ենք թերթի հրապարակումը կայքում, ցանցերում եւ թղթի վրա»,- ասվում է հրապարակման մեջ։
Իր որոշումը հրապարակելիս «Նովայա գազետա»-ն օգտագործել է «հատուկ օպերացիա» արտահայտությունը՝ տերմին, որն օգտագործվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի գլխավորած պատերազմը մատնանշելու համար:
Թերթը, որն իր կայքից արդեն հեռացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ նյութերը՝ ԶԼՄ-ների մասին նոր օրենքի համաձայն, ասել է, որ երկուշաբթի եւս մի նախազգուշացում է ստացել «Ռոսկոմնադզոր»-ից իր նյութի վերաբերյալ, ինչն էլ դրդել է դադարեցնել գործունեությունը:
Ընթերցողներին ուղղված ուղերձում Դմիտրի Մուրատովը եւ նրա անձնակազմը հայտարարել են, որ իրենց գործունեությունը դադարեցնելու որոշումը դժվար էր, բայց՝ անհրաժեշտ։
«Ռոսկոմնադզոր»-ը դեռ չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
Ռուսական լրատվական գործակալությունների կողմից հրապարակված մեկնաբանություններում գործակալությունը հայտնել է, որ երկրորդ նախազգուշացումն է արել «Նովայա գազետա»-յին այն բանի համար, որ վերջինս իր հրապարակումներում չի նշել այն կազմակերպությունը, որն իշխանությունները «օտարերկրյա գործակալ» են համարում:
Հիշեցնենք, որ ճնշումը ռուսական լիբերալ ԶԼՄ-ների վրա մեծացել է անցյալ ամիս ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժումից հետո:
Ավելի վաղ ՌԴ իշխանությունները փակել էին «Էխո Մոսկվի» ռադիոկայանը։ Նրանք նաեւ արգելափակել են մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ BBC-ի, «Ամերիկայի Ձայն»-ի եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կայքերը: Երկուշաբթի ՌԴ արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալների» ցուցակում ավելացրել էր նաեւ Deutsche Welle պարբերականը:
«Նովայա գազետա»-ի թղթակիցները տարիներ շարունակ ոտնձգությունների եւ ահաբեկման են ենթարկվել՝ իրենց լրագրողական հետաքննությունների հետ կապված: Անցյալ տարի ստանալով Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Դմիտրի Մուրատովն այն նվիրել էր թերթի վեց աշխատակիցների հիշատակին, ովքեր սպանվել էին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: