Արդյո՞ք ՀՀ-ում պաշտպանված են փախստականների իրավունքները

Արդյո՞ք ՀՀ-ում պաշտպանված են փախստականների իրավունքները

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը MediaHub-ի հետ զրույցում ցավով արձանագրեց, որ արցախցիները Հայաստանում փախստականի կարգավիճակում են, որը սահմանվել է 2023 թվականի հոկտեմբերին՝  Հայաստանի կառավարության որոշմամբ։

«Այս օրն առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու այն խնդիրներին, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում։ Բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած   արցախցիների փախստականի կարգավիճակում հայտնվելը մի շարք առումներով տարբերվում է այլ երկրների դասական կարգավիճակից, նախևառաջ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ազգությամբ հայ լինելով գտնվում ենք Հայաստանում, տարիներ շարունակ նույն Հայաստանի Հանրապետության անձնագիր ենք կրել և 070 կոդը ոչնչով չէր տարբերվում այլ կոդով ՀՀ անձնագրերից»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ այսօր ավելի շատ պետք է կենտրոնանալ խնդիրների վրա, որոնք շատ-շատ են։

«Սկսած սոցիալ-կենցաղային խնդիրներից, ավարտած պարբերաբար արտահայտվող ատելության խոսքի քարոզից, որին արցախցին բախվում է ամեն օր՝ ՀՀ-ում։ Սրանք ամբողջական ուսումնասիրության և հասցեագրման կարիք ունեն և այս հարցում ոչ միայն ՀՀ կառավարությունը, այլև միջազգային կազմակերպությունների խիստ ներգրավվածությունն է անհրաժեշտ»,-ասաց նա։

Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած արցախցիների մեծ մասը գտնվում են սոցիալապես ծանրագույն վիճակում։ Աջակցությունը, որը տրամադրում է կառավարությունը, չի բավարարում ապահովելու նվազագույն կենսամակարդակը։ Գեղամ Ստեփանյանն ասում է, որ բազմաթիվ խնդիրներ կան նաև աշխատանքի տեղավորման հարցում։

«Նախ, դա պայմանավորված է պատշաճ աշխատաշուկայի բացակայությամբ և որոշ առումներով նաև նոր որակավորումներ ստանալու հարցով։ Շրջանառության մեջ դրված բնակարանային ապահովման ծրագիրը, որն արդեն իսկ գործարկվել է ՀՀ կառավարության կողմից, մեծ դժգոհությամբ է ընդունվել արցախցիների կողմից։ Եվ, ինչպես նշեցի, թիրախավորումները, որոնց պարբերաբար բախվում են` սկսած Արցախը լքելու մեղադրանքներից, ոչ իրավահավասար է ընդունվում»։
Արցախցիների մի մասը, ցավոք, արդեն լքել են Հայաստանը։ Իսկ եթե նպատակ կա մյուսներին պահել Հայաստանում, ըստ Ստեփանյանի, խնդիրները պետք է անհրաժեշտ կարգավորում ստանան։

«Դրա հետ մեկտեղ նաև Արցախ վերադարձի հարցը մշտապես պետք է բաց պահել։ Այս առումով մեծ անելիքներ կան, մեծ ներգրավվածություն պետք է ապահովվի նաև միջազգային հանրությունը։ Ցավոք, եթե թվերի տրամաբանությամբ դատենք, ապա այն աջակցությունը, որ տրամադրվել է արցախցի փախստականներին, չի կարող համեմատվել այլ պետություններում փախստականներին տրվող աջակցություններից"֊ հավելեց նա։

Հունան Թադևոսյան