Կանադացի կինը ունի 150 եղբայր ու քույր

Կանադացի կինը ունի 150 եղբայր ու քույր

Մորմոնների ընտանիքում մեծացած կանադացի Մերի Ջեյն Բլեքմորը The Sun-ին պատմել է այն մասին, թե ինչ է նշանակում ապրել մի ընտանիքում, որտեղ հայրը 27 անգամ ամուսնացել եւ 150 երեխա է ունեցել: Գրում է News.am-ը։

Բլեքմորի խոսքով՝ իր մայրը հոր՝ Ուինսթոնի առաջին կինն է եղել։ Նրանք ամուսնացել են 18 տարեկանում՝ Բրիտանական Կոլումբիայում, մորմոնների փոքրիկ Բաունտիֆուլ համայնքում: Կնոջ խոսքով՝ երբ մայրն իրենով հղի է եղել, հայրն ամուսնացել է երկրորդ կնոջ՝ Քրիստինայի հետ, իսկ երբ ինքը մի քանի ամսական է եղել՝ երրորդ կնոջ՝ Մերի Էննի հետ։ Բլեքմորի խորթ եղբայրը՝ Դոնը ծնվել է իրենից վեց ամիս անց՝ 1983թ․, հայտնում է Gazeta-ն։

«Սկզբում մեր ընտանիքի բոլոր 10 անդամներն ապրում էին նույն տանը։ Երբ ես ութ տարեկան էի, հայրս ամուսնացավ չորրորդ եւ հինգերորդ կանանց հետ, եւ մոտակայքում կառուցվեց երկրորդ տունը։ Իմ մանկությունն աղմկոտ ու զվարճալի է եղել»,- պատմել է նա։ Մերի Ջեյն Բլեքմորն ասում է, որ ընտանիքում աշխատանքը բաշխված էր ըստ սեռի: Աղջիկները մայրերի հետ կերակուր էին պատրաստում, խնամում երեխաներին եւ տնային գործերն անում, իսկ տղամարդիկ եւ տղաները աշխատում էին ֆերմայում:

Ընտանիքում դիմահարդարում ու սանրվածք թույլ չի տրվել, իսկ կանանց հագուստի տակից կարող էին երեւալ միայն դաստակներն ու կոճերը։ Ծխախոտը, ալկոհոլը, թեյն ու սուրճը, ժամանակակից գրականությունը, երաժշտությունն ու հեռուստատեսությունը արգելված են եղել։ Ընտանիքում երեխաներն իրենց ազատ ժամանակն անցկացրել են երաժշտական գործիքներ նվագելով, երգելով ու պարելով։

«Ես մեծացել եմ՝ իմանալով, որ բազմակնությունն անօրինական է։ Ոստիկանները հաճախ էին հայտնվում մեր տանը, բայց նրանք հանդուրժող էին մեր համայնքի նկատմամբ եւ երբեք ոչ ոքի չէին ձերբակալում: Սակայն դա տագնապ էր առաջացնում։ Մեզ՝ երեխաներիս, զգուշացնում էին, որ կողմնակի մարդկանց երբեք չասենք, թե քանի կին ունի մեր հայրը»,- հիշում է կինը։

2017թ․ Բլեքմորի հորն, այնուամենայնիվ, մեղադրել են բազմակնության մեջ։ Ուինսթոնի դուստրը նշում է, որ օրինական նա ամուսնացել է միայն իր մոր հետ, իսկ մնացած ամուսնությունները «հոգեւոր» են եղել։ Հաջորդ տարի Ուինսթոնը վեց ամսվա տնային կալանքի է դատապարտվել։ Այս դեպքը Կանադայում ավելի քան հարյուր տարվա ընթացքում բազմակնության առաջին մեղադրանքն է եղել: 1890-ից երկրում բազմակնությունը պաշտոնապես արգելված է։

Ուինսթոնը հավատարիմ է մնացել իր հավատքին, մինչդեռ Մերի Ջեյն Բլեքմորը վերանայել է իր հայացքները եւ իրեն այլեւս մորմոն չի համարում: