Նավահանգստի պայթյունից 4 տարի անց Լիբանանը կանգնած է պատերազմի շեմին, իսկ երկիրը նախագահ չունի

Բեյրութի նավահանգստում պայթյունից 4 տարի անց՝ Լիբանանում առանձնապես ոչինչ չի փոխվել։
Բնակչությունը՝ ներառյալ հայ համայնքը, կատարվածից դեռ ուշքի չեն գալիս։ Հուժկու պայթյունն ավելի է խորացրել Լիբանանի տնտեսական ճգնաժամը։ 4 տարի անց երկիրը կանգնած է մեծ պատերազմի շեմին։
«Պայթյունը խլեց 218 մարդու կյանք, 7000 հոգի վիրավորվեց, 300․000 մարդ դարձավ անտուն։ Բայց սա երկրի տնտեսական անկման հիմնական ու միակ պատճառը չէ, որովհետև Բեյրութը հազար ու մի խնդիր ունի, նախ անվտանգային խնդիր ունի, ապա, արդեն 2 տարի է, երկիրը նախագահ չունի։ Պայթյունը, որը տեղի ունեցավ 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ համավարակի ֆոնին, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Լիբանանում, բացասականորեն ազդեց տնտեսության վրա։ Դրամատները սնանկացան։ Այսպես տարբեր պատճառներ գումարվեցին իրար ու խորը հետք թողեցին լիբանանցիների վրա։ Բայց պայթյունը միակ պատճառը չէ»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց լիբանանահայ լրագրող Փաթիլ Մկրտչյանը` ընդգծելով, որ ողբերգական դեպքից 4 տարի անց՝ մեղավորները մինչ օրս անպատիժ են, Լիբանանի իրավական ու քաղաքական համակարգը որևէ հայտարարություն այս առումով չի տարածել։
Լիբանանը, որ միշտ եղել է տարբեր հակամարտությունների թատերաբեմ, հիմա էլ կանգնած է պատերազմի շեմին։ Սակայն, մեր զրուցակիցն անկանխատեսելի է համարում մեծ պատերազմի վերսկսման հավանականությունը։
«Պատերազմի վտանգ կա, հատկապես հիմա ռիսկերը շատ են ավելացել, քանի որ Հըզբոլահի քարտուղարը հայտարարել է, որ պատասխանելու են Իսրայելի այն հարվածին, որի ժամանակ սպանվեց իրենց հրամանատարը։ Նախքան այս հայտարարությունը, Իսրայելի կառավարությունն էլ հաղորդագրություն էր տարածել, որ «եթե կրակեք, ծանր գին եք վճարելու»։ Սա պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի, անգամ Հայաստանի, քիչ առաջ նաև Ճապոնիայի ԱԳ նախարարությունները հորդորեցին իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը։ Բնականաբար, շատ լարված իրավիճակ է, բայց լարվածությունն այս պահին երկրի հարավային թևում է։ Կտարածվի՞ մայրաքաղաքի մեջ, իմ կարծիքով դեռ կմնա հարավում, սակայն դա էլ իր ազդեցությունը կունենա երկրի վրա»,- նշեց լրագրողը։
Փաթիլի խոսքով՝ հարավային շրջաններում հայեր քիչ կան։ Համայնքը հիմնականում կենտրոնացված է Բեյրութում։ Նավահանգստի պայթյունից մեծ մասամբ տուժել են նաև Լիբանանի հայերը։ Դեպքից 4 տարի անց աղետի հետքը վերացված չէ։
Հիշեցնենք, որ, ըստ մասնագետների, լիբանանյան աղետն ամենասարսափելիներից մեկն էր երբևէ տեղի ունեցած ոչ միջուկային պայթյունների շարքում: Ավելի ուշ պարզվել էր, որ դրա պատճառը եղել է նավահանգստում ամբարված 2750 տոննա ամոնիումի նիտրատը, որը պահեստում պահվել է 7 տարի, մինչև անուշադրությունն աղետի էր վերածվել:
Հունան Թադևոսյան