Հեշտ է, պարզապես պետք է Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնել ու վերջ․ Տիրան Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, թե Ադրբեջանի 86 600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
Երեկ իր ուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքեց՝ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
MediaHub-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպես պետք է շրջանցել այն սցենարը, որին, ըստ էության, գնում է Փաշինյանը.
«Շատ հեշտ է, պարզապես պետք է Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնել ու վերջ: Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահը չէ, ինչպես կարող է ինքը որոշել Արցախի ճակատագիրը»,- ասաց նա։
Հիշեցմանը, թե Փաշինյանը երեկ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով, Խաչատրյանն արձագանքեց․
«Փաշինյանն ինքն է հրաժարվում բանակցել, այս դեպքում ինչո՞ւ է ինքը որոշումներ կայացնում, այսինքն, սա իմը չէ, բայց ես եմ որոշում, թե սա ումը լինի․ նորմալ մարդու մտածելակերպ չէ սա։ Ինքը բանակցել կարողանո՞ւմ էր. կա պարզ ճշմարտություն, յուրաքանչյուր մարդ զբաղվում է նրանով, ինչով կարող է: Այո՛, կան մարդիկ, որ պարզապես խոսում են, իսկ Փաշինյանն այդ կատեգորիային պատկանողներից է»,- ընդգծեց Խաչատրյանը։
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չցանկացավ պատասխանել բանակին առնչվողհարցերին՝ նշելով, որ հիմա բանակում չէ և չի կարող որևէ գնահատական տալ։
«Ես կառույցի մեջ չեմ, իրավիճակը չգիտեմ, չեմ կարող հայտարարություններ անել»,-ամփոփեց նա։
Լիաննա Թորոսյան