Նույնիսկ վիրավորներն անվտանգ չեն կարողանում հասնել բուժօգնության

Նույնիսկ վիրավորներն անվտանգ չեն կարողանում հասնել բուժօգնության

Հիմա մի փոքր ինտենսիվ կրակոցները դադարել են, մեծ զինատեսակներից կրակոցներ չկան, բայց կարելի է ասել, որ ինտենսիվությունն է դադարել, ոչ թե իրավիճակն է ամբողջությամբ խաղաղ. կրակում են, բայց ավելի մեծ ինտերվալներով։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Թովմասյանը նշեց, որ քաղաքացիները շարունակում են մնալ Սոթքում։ 

«Մտածում են, որ տարհանման մասին դեռ պետք չէ խոսել, իրենք շարունակում են մնալ իրենց տներում ու ապաստարաններում, բայց եթե սա շատ շարունակվի, պետք է մտածենք արդեն քաղաքացիների տարհանման մասին։ Քաղաքացիների հետ կապի մեջ եմ»,- հավաստիացրեց Թովմասյանը։

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: 

«Սա մարդասիրական իրավունքի շատ կոպիտ խախտում է, որովհետև սա նշանակում է, որ նույնիսկ վիրավորներն անվտանգ չեն կարողանում հասնել բուժօգնության: Սա անընդունելի է և միջազգային հանրությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս իրողությանը»,-նշեց Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով՝ թշնամին կրակում է Սոթքի հանքի վրա և ըստ նրա՝ տպավորություն է, որ հակառակորդի թիրախը հենց ստրատեգիական նշանակություն ունեցող ոսկու հանքն է։

Լիաննա Թորոսյան