Պատերազմից հինգ պակաս․ բռնաճնշումների ալիք սկսելը հակառակ արդյունքն է ունենալու. Զոհրաբյան

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորվել են։
Ախոյանը 2023 թվականի հունիսի 8-ին ֆեյսնուքյան իր էջում կատարել է հրապարակում, և հենց դրա համար է կալանավորվել։ Մասնավորապես, նա կատարել է հետևյալ գրառումը. «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։
Այսպիսով, Հայաստանում քաղբանտարկյալների ցուցակը գնալով մեծանում է:
«Ակնհայտ է, որ սա շատ վատ պրոցես է և շատ վատ ճանապարհ է, որն ընտրել է այս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ և չգիտեմ՝ իմաստ ունի դիմել Նիկոլ Փաշինյանին, թե ոչ։ Եթե անգամ միջազգային հանրությունը շարունակելու է օգտագործել Նիկոլի բառերը և իրեն դնել եվրոյոնջայի տեղ, շարունակելու է այս տոտալ բռնաճնշումներին այս փուլում չարձագանքել, մեկ է վաղը գալու է բռնաճնշումների հատուցման ժամանակը։ Ես այն քաղաքական գործիչն եմ, որ միշտ դեմ եմ եղել բռնաճնշումներին, բռնության կոչերին, տերորին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նախկին պատգամավորի խոսքով՝ այո, մեր երկրում չի կարող և չպիտի լինի տեռոր և հաշվեհարդար, բայց մեր երկրում չպետք է լինի նաև քաղաքական հաշվեհարդար ու քաղաքական հետապնդում մարդու ազատ խոսքի համար։ Եթե 2018թ-ից այս կողմ փորձենք դիտարկել իշխանական գործիչների, ակտիվիստների, իշխանության համակիր քաղաքացիների խոսքը, ապա, նշեց Զոհրաբյանը, բռնության ամենազարհուրելի կոչերը Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հանդեպ
հնչել են հենց իրենց կողմից:
«Ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցում ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դեմ, ով Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում Էդգար Ղազարյանին սպառնում էր «լեզուն կտրել» և «գլուխը ջարդել» ։ Ինչո՞ւ իմ դեմ բռնության բազմաթիվ կոչերի քրեական գործերը կարճեցիք, երբ ես դեռ որպես պատգամավոր բազմիցս դիմել եմ իրավապահ համակարգին. այս բոլորի դեպքում կա՛մ չեն գտել, կա՛մ ասել են, որ հանցակազմ չեն տեսնում։ Եթե մարդն ինձ սպառնում է «վիզս կտրել» կամ «գլուխս կտրել», ապա այդտեղ հանցակազմ չտեսնելը ո՞րն է։ Այս ամենը երկրի «իզգոյացման» մասին է, բռնապետության վերածելու այս ճանապարհը երկիրը տանելու է կատարյալ քաոսի և կոլապսի։ Շատ մոտ ապագայում բռնարարքների ալիքը հանգեցնելու է շատ մեծ հակազդեցության և ոչ մեկ չի շահելու դրանից»,- շեշտեց Զոհրաբյանը:
Շարունակելով իր խոսքը՝ մեր զրուցակիցը նշեց, որ այսօր երկիրը գտնվում է չափազանց խոցելի վիճակում, այսօր Հայաստանը կանգնած է իր պետականությունը կորցնելու շեմին և այս ամենը պարզապես բառեր չեն։
«Հիմա մենք գտնվում ենք պատերազմից 5 պակաս իրավիճակում։ Երեկ ԱՄՆ կոնգրեսական Փալոնեն հայտարարեց, որ ՀՀ-ի հարավի հանդեպ սպասվող Ադրբեջանի ռազմական ագրեսիային ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Այդ մասին խոսել է նաև Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը, այս մասին բացահայտ նաև խոսում են Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։ Միայն միջազգային ակտորները չէ, որ կանխատեսում են պատերազմ, մեր իշխանությունն էլ չի բացառում այդ սցենարը, որ Ադրբեջանն ունի հստակ օրակարգ և ճանապարհային քարտեզին հասնելու ամենաարդյունավետ գործիքը մնում է պատերազմը»,- ասաց Զոհրաբյանը, ապա շարունակեց․
«Այս ամենին գումարում ենք Բայրամովի հայտարարությունը, որտեղ ասում է, որ հայկական կողմին ուղարկել են նոր առաջարկներ։ Դրանք առաջարկներ չեն՝ պայման են, ուլտիմատում, նախապայման, որոնց համաձայնելու դեպքում միայն բանակցային հարթության վրա կշարունակվի հարցը։ Խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է 29,800 կմ տարածքի մասին՝ Ադրբեջանից ակնկալելով, որ Ալիևը վերջապես կարտաբերի այդ թիվը և կհայտնի պատրաստակամություն ճանաչելու այդ տարածքը, բայց Ալիևն ասում է ոչ։ 29,800 քկմ էլ չկա, Արարատ Միրզոյանն էլ է փաստում, որ 200 կմ ՀՀ սուվերեն տարածքից թշնամու կողմից օկուպացված է, բայց նույնիսկ դրանով չի բավարարվում Ադրբեջանը»:
Եզրափակելով՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պատերազմից 5 պակաս իրավիճակում նման բռնաճնշումների ալիք սկսելը, մտածելով, որ եթե բոլորին հավաքեն, որ հնարավոր նոր կապիտուլյացիաների ժամանակ որևէ մեկը չխոսի, այդ ամենը հակառակ արդյունքն է ունենալու։
«Հայաստանում այսօր չկա քաղաքացիական հասարակություն, քանի որ այդ հասարակությունը նախկին իշխանությունների ժամանակ ամեն մի կտրված թուփի համար իրենց հետույքը պատռում էր, ու այսօր իրենք սպասարկում են իշխանության շահը ՝ լռում են և լռելու են, քանի որ արևմտյան դոնորներից ստանում են իրենց գումարը լռության դիմաց։ Չկա ադեկվատ ընդդիմություն, հասարակությունը թմբիրի մեջ է։ Հայաստանը կործանման տանելու ամենակարճ և ուղիղ ճանապարհն արդեն իշխանությունն ընտրել է։ Հայաստանն անգամ բռնատիրություն և բռնապետություն լինելու ռեսուրս այլևս չունի, իսկ Ադրբեջանն ունի»,- հավելեց նախկին պատգամավորը:
Մարիա Զարգարյան