Ո՞ւմ դիմենք, որ ջուր չունենք, ո՞վ է պատասխան տալու այս վիճակի համար և ինչպե՞ս է պատժվելու

Ջրապահանջարկը մեծացել է, ուստի համակարգ-ճնշումն ավելացվում է, որ ջուրը հասնի սպառողներին․ համակարգի մաշվածության պատճառով էլ վթարներ են առաջանում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաճախակի ջրանջատումներն այսպես պատճառաբանեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Դիտարկմանը, որ այդ ջուրը քաղաքացիներին նվեր չի տրվում, և նրանք պարտավոր չեն մտածել համակարգի մաշվածության մասին, Բաղրամյանն արձագանքեց՝ ինքն ուղղակի բացատրում է, թե ինչու են նման խնդիրներ առաջանում։

«Ենթադրում եմ ջրի որակի հետ կապված խնդիրները հիմնականում Էրեբունի վարչական շրջանում է առաջանում, քանի որ Արարատյան պոմպակայանից էլ ենք ամռան ընթացքում օգտվում։ Վստահ եմ՝ առողջապահության նախարարությունը ջրի որակը ստուգում է»,- նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի քաղաքացին, եթե «Վեոլիա ջրից», զանգին պատասխանելու դեպքում, ասում են, թե իր նշած հասցեում ջրանջատում չկա, բայց իր տանն այդ պահին ջուր չկա, ՀԾԿՀ-ն ինչպե՞ս կարող է աջակցել անջուր մնացած քաղաքացուն, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց՝ ընկերությունը պարտավոր է պատասխանել քաղաքացիների զանգերին։

«Անջատումների մասին պետք է լինեն զգուշացումներ։ Եթե չկան, ապա դրանք բոլորը իրավախախտումներ են։ Դիմում լինելու դեպքում հանձնաժողովը վարույթ է ընդունում և անպայման արձագանք է լինում։ Այս ընթացքում անընդհատ դիմումներ ենք ստանում»,- նշեց նա։

MediaHub.am-ի լրագրողը հակադարձեց՝ Արմավիրի մարզում կան համայնքներ, որտեղ օրերով ջուր չի լինում, օրինակ՝ Ոսկեհատում։

«Կոնկրետ համայնքով չեմ կարող պատասխանել, գուցե դիմում էլ ունենք։ Նախ, ես չգիտեմ՝ այդ համայնքը մանրածա՞խ, թե՞՝ մեծածախ ջրամատակարարման շրջանակից է օգտվում։ Եթե մանրածախի մասին է խոսքը, ապա «Վեոլիա ջուրն» այդտեղ դեր չունի»,- նշեց նա։

Հարցին, թե իրենց տանը մեկ օր ջուր չլինի, ինքն ի՞նչ կանի, Բաղրամյանը պատասխանեց՝ եթե կան խախտումներ, ապա իրենք արձանագրում են։

Մանրամասները՝ տեսանյութում։