Քրեական վարույթ է նախաձեռնվել Կոմիտասում տեղի ունեցած պայթյունի պատճառը պարզելու համար

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյունի հանգամանքները պարզելու համար․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։ Մեկ անձ պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ այրվածքի տեսքով և տեղափոխվել հիվանդանոց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Պարզվում են դեպքի հանգամանքները եւ պայթյունի պատճառները։ Նախնական տվյալներով՝ պայթյունն առաջացել է ավտոտնակներից մեկում, որտեղ առկա են եղել գազաբալոններ և սարքեր, տեղի ուենցած գազի արտահոսքի հետևանքով։ Պարզվում են դեպքի հանգամանքները և պայթյունի պատճառները»,-ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 22։10-ին հիշյալ հասցեի ավտոտնակում տեղի է ունեցել 20 կգ-անոց հեղուկ գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ եւս 2-ը: Վնասվել են մոտակայքում կայանած թվով 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի եւ շքամուտքի պատուհաններ, դռներ եւ 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։
Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը՝ փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Լիա Սարգսյան