ԵՄ-ն հրապարակել է քառակողմ հանդիպման համատեղ հայտարարությունը. ի՞նչ կետեր են ներառված

ԵՄ-ն հրապարակել է քառակողմ հանդիպման համատեղ հայտարարությունը. ի՞նչ կետեր են ներառված

ԵՄ-ն հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարությունը՝ ամփոփելով այսօրվա հանդիպման արդյունքները։

Հայտարարության մեջ ընդգծվում է նրանց աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Նրանք նաև աջակցություն են հայտնել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Նրանք պայմանավորվել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին՝ կապված Ղարաբաղից հայերի զանգվածային տեղահանման հետեւանքների հետ։

Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ Հայաստանի (29,800 կմ²) և Ադրբեջանի (86,600 կմ²) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա, ինչպես նշված է նախագահի հայտարարությունում (2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին): Նրանք ընդգծել են սահմանազատման վրա աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան զինված ուժերի միջև հեռավորությունը պահպանելու, խաղաղության համաձայնագրի ավարտին և բոլոր հումանիտար խնդիրները լուծելու համար։

Նրանք կոչ են արել ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բացել բոլոր սահմանները, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև զարգացնել տարածաշրջանային կապերը՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: 
Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագիրը լուծելու և ականազերծման գործողություններում։