Փաշինյանին չի հաջողվել Ալիևից երաշխիքներ ստանալ. նա դեռ Բրյուսելից չի վերադարձել

Կիրակի օրը Բրյուսելում շուրջ չորս ժամ տեւած Փաշինյան-Ալիեւ-Միշել բանակցությունների ընթացքում, ըստ MediaHub-ի աղբյուրների, Հայաստանի եւ ԵՄ ղեկավարներին այդպես էլ չի հաջողվել Ադրբեջանի նախագահից երաշխիքներ ստանալ, որ այլեւս հարձակում չի լինելու ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։
Փաշինյանը բանակցությունների ընթացքում հիշեցրել է, որ անցած տարվա հոկտեմբերի սկզբին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ էլ էր Ադրբեջանի ղեկավարը խոստացել, որ պահպանվելու է հրադադարի ռեժիմը եւ բոլոր քայլերը ուղղված են լինելու, այսպես ասած, «խաղաղության դարաշրջանի» բացմանը, մինչդեռ անգամ բրյուսելյան հանդիպումից օրեր առաջ ադրբեջանական զորքը կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի ղեկավարն, ինչպես միշտ, գլխիկոր է վերադառնում Ալիեւի հետ հանդիպումից, գիտակցելով սեփական անհաջողություններն ու ժողովրդին խոստացած «խաղաղության դարաշրջան» բացելու անկարողությունը։ Ինչպես հայտնում է մեր աղբյուրը՝ կողմերին չի հաջողվել բանակցել «խաղաղության պայմանագրի» շուրջ, քանի որ Ալիեւի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած անվերջանալի տարածքային նկրտումները փոխել են բանակցությունների ընթացքն ու բովանդակությունը։
Նշենք, որ հիշյալ հանդիպման ժամանակ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի 86 հազար 600 քկմ-ի մեջ են մտնում, փաստացի, ոչ միայն Արցախը, այլեւ Տավուշի մարզի այն գյուղերը, որոնք Ալիեւն ու Փաշինյանը համարում են անկլավներ։
Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցեց, որ Փաշինյանն այս պահի դրությամբ դեռ չի վերադարձել Բրյուսելից, թեև պաշտոնական մասն ավարտվել է դեռ երեկ, իսկ վերադառնալուն պես հավաքելու է ՔՊ-ականներին՝ նրանց հետ քննարկելու վերջին զարգացումները: Ի վերջո նկատենք, որ Բրյուսելում, որպես այդպիսին, ոչ մի նոր բան չհնչեց, ինչը մենք չգիտեինք կամ այս իշխանություններից չէինք սպասում, պարզապես այդ ամենտ դառավ էլ ավելի առարկայական:
Լիա Սարգսյան