ՄԻՊ-ը մասնակցել է «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության պահապան» թեմայով համաժողովին

ՄԻՊ-ը մասնակցել է «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության պահապան» թեմայով համաժողովին

Հունիսի 8-ին Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է ԵՄ և ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության պահապան» թեմայով համատեղ համաժողովին:

Միջոցառմանը ներկա էին ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի – Վենետիկի հանձնաժողով» պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորությամբ, ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տնօրինության ներկայացուցիչներ, ՀՀ Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների նախագահներն ու դատավորները, ԲԴԽ անդամներ, տարբեր ատյանների դատավորներ, փաստաբաններ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ու ՔՀԿ ներկայացուցիչներ։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բանախոսել է «Հանրային վստահության ապահովումը հաշվետվողականության ու հաղորդակցության միջոցով» խորագրով պանելային քննարկման շրջանակներում։

Պաշտպանը շեշտել է հանրային հաստատությունների նկատմամբ վստահության անհրաժեշտությունը, կիսվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության խնդիրներով՝ մասնավորապես նշելով. «Վստահությունը հնարավորություն է ավելի մեծ ազդեցություն ունենալու մարդու իրավունքները վեարականգնելու, խախտումները կանխարգելելու համար, բայց վստահությունը նաև ամենօրյա հոգածություն, խնամք և ուշադրություն է պահանջում՝ պահելով անկախ, օբյեկտիվ, իրավական հիմքի ու միջազգային ստանդարտների վրա հենված ու արժանահավատ գնահատականներ հնչեցնելու սկզբունքը։»։


Պաշտպանը հատկապես կարևորել է օմբուդսմենական միջնորդության երկու կողմերի հետ արդյունավետ հաղորդակցության անհրաժեշտությունը և ներկայացրել արդյունավետ հաղորդակցության օրինակներ, երբ Պաշտպանը միջնորդի, իսկ երբեմն էլ «թարգմանչի» դեր է կատարել կառավարության, տեղական վարչակազմերիի ու տեղերում տարբեր կարիքներ ունեցող մարդկանց ու համայնքների միջև։