15 զինվորի մահվան դեպքում ո՞ւմ գլուխները պիտի թռնեն, Նիկոլ

Ես քիչ հույս ունեմ, որ անջատված մասով կարող է որևէ շրջադարձային բան տեղի ունենալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:  

«Եթե այս պայմաններում իշխանությունը պնդում է, որ տեղի ունեցածը զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնական անփության հետևանք է, ապա տվյալ գործի ուղղակի պատասխանատուն  գործող իշխանությունն է։ Պատկերավոր կերպով ասած՝ բանակի բարդակի վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն է գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Փնթի կառավարումն էլ ինչպե՞ս ա լինում, Նիկոլ»,- նշեց նա։

Ապա հավելեց․ «Այդ տարածքը վերածված է եղել դիզվառելիքի շուկայի։ Պարզեք՝ որ սպաներն են ներքաշված եղել այդ առևտրի մեջ և վերադասության կարգով մինչև ուր է հասել։ Զոհվածների ծնողները պաշտոնական վարկածին չեն հավատում, ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կա՛մ արդեն ողջ չեն եղել, կա՛մ առնվազն եղել են անգիտակից, իսկ բուն հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությանը շեղելու նպատակ է հետապնդել»։

«Ծնողները ճիշտ են անում, որ չեն հավատում պաշտոնական վարկածին, քանի որ դեպքից հետո որոշ շրջանակների դրսևորած հրապարակային հակասական, ոչ պրոֆեսիոնալ ու հակաօրինական վարքագիծը հուշում է, որ չի կարող այդքան հակասական լինել իրողությունը։ 15 զինվորի մահվան դեպքում ո՞ւմ գլուխները պիտի թռնեն, Նիկոլ»,- հարցադրում հնչեցրեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում