Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու, Աներձագի «կրոնական» վոյաժները․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում, եղբայր» արտահայտության հեղինակ, ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը գործուղման են մեկնել․ մայիսի 14-18-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին՝ «Քաղաքականությունը՝ որպես քրիստոնեական արժեքների ամենօրյա դրսեւորման միջավայր» խորագրով։ Առաջին հայացքից կարելի է կարծել, թե գործ ունենք հավատացյալների, քրիստոնեական արժեքներին դավանող իշխանության հետ, բայց իրականություն այն է, որ ՔՊ-ականներին ընդամենը բյուջեի հաշվին շրջագայելն է հետաքրքրում, քանի որ հենց այս իշխանության օրոք պատերազմ հայտարարվեց քրիստոնեական եկեղեցուն եւ հոգեւոր դասին։
Առավել եւս՝ այս օրերին, երբ իշխանությունները բոլոր ճակատներով թիրախավորել են Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարը եւ հայտարարում են, թե Հայաստանը կրոնապետության չպետք է վերածել, փաստորեն, բյուջեից միջոցներ են հատկացնում մի համաժողովի մասնակցելու համար, որի ընթացքում քարոզելու են, թե ինչպես քրիստոնեական արժեքները կիրառել քաղաքականության մեջ։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ Հ1-ին կառավարությունից հրահանգված է լուրերի թողարկման ժամանակ խուսափել Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ցուցադրելուց, որ լսարանը զուգահեռներ չանցկացնի Սերժ Սարգսյանի` փեսա-աներձագ-քավոր-սանիկական ժամանակների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող փաստաթղթերի՝ սույն պաշտոնյան տարվա ընթացքում աշխատել է 4 հիմնարկում եւ, ըստ երեւույթին, մի քանիսում՝ միաժամանակ (դա օրենքը խստիվ արգելում է)։
Արձանագրելով ժամանակագրությունը՝ Եսթեր Կարապետյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ե՜ւ Կրթական տեսչական մարմնում մասնակցել է գնման գործընթացին, ե՜ւ հաղթել է ԲՏԱ մրցույթում, ե՜ւ հրամանագրվել է վարչապետի աշխատակազմում եւ հայտնի չէ, թե այդ ժամանակ աշխատե՞լ է Երեւանի քաղաքապետարանում եւ «Լիմիթլես ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ում թե՞ ոչ։
Հ.Գ. Թերեւս ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ԸԿԿՀ` Ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սեւ է, եւ համոզել, որ մենք դա չենք տեսնում: Նա դելիմիտացիայի գործընթացը եւ նախօրեին ստորագրված արձանագրությունը «մեծ հաջողություն» անվանեց եւ մի խառնաշփոթ տեքստով փորձեց մոլորեցնել մարդկանց. «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է...»:
Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք եւ նոր սահմանագիծ ստեղծեինք, դա կնշանակեր, որ «ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր»:
Հիմա թարգմանենք. ասում է` սահմանը գծում ենք այս պահին առկա իրողությունների համաձայն, այսինքն` ում զորքը որտեղ կանգնած է, ով ինչքան զավթել է, ով Google maps-ին կարողանում է թելադրել եւ համոզել, որ այդ տարածքն իրենն է, այդ սկզբունքով: Ինչը նշանակում է, թե հույս չունենաք, որ Սեւ լճից, Ջերմուկից, Սոթքից ադրբեջանցիները հեռանալու են: Եվ պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:
Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց հակառակ դրան մամուլը պարբերաբար գրում է փաստեր, որ զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ խնդիրն ավելի սուր է բարձրացված, քան նախկինում էր։ Ծնողները մշտապես ահազանգում են, որ ստիպված են ամեն ինչ ուղարկել երեխաներին՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, կանխիկ գումար եւ այլն։
Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է 20․12․2023 թվականին Նորատուս համայնքում բողոքի ակցիայի մասնակից ձկնորսները պնդում էին, որ ստիպված են զինվոր որդիներին ամեն ամիս գումար եւ պարագաներ ուղարկել, քանի որ, ըստ իրենց, «պետությունը ոչինչ չի տալիս»։
Այլ կերպ ասած, Փաշինյանը խաբել է»։