Սամվել Բաբայանն ու Սեֆիլյանը կառերեսվեն,Փաշինյանի սրացումները ՔՊ-ում չեն մարսում. Մամուլը՝ սուրճով

Սամվել Բաբայանն ու Սեֆիլյանը կառերեսվեն,Փաշինյանի սրացումները ՔՊ-ում չեն մարսում. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախաքննական մարմինը առաջիկայում կհարցաքննի Սամվել Բաբայանին։ Ավելին՝ դատելով ստեղծված իրավիճակից՝ նախաքննական մարմինը առերեսում կկազմակերպի «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ։ Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը երկու ամիս առաջ տված հարցազրույցում հայտարարել էր, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իրեն է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանը եւ վիրավորական արտահայտություն հնչեցրել սպանվածներից մեկի հասցեին: Բաբայանի հարցազրույցի այդ հատվածն օրերս խորհրդարանում հնչեցրել էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հորդորելով գլխավոր դատախազին ուսումնասիրել այդ դրվագը:

Այդ հորդորից հետո Քննչական կոմիտեում «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի շրջանակում հարցաքննվեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հարցաքննությունից հետո Սեֆիլյանն «Ազատության» հետ զրույցում «կեղծիք» եւ «անհեթեթություն» էր որակել Բաբայանի պնդումները:

Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի կողմից Սամվել Բաբայանի խոսքերը «անհեթեթություն» եւ «կեղծիք» որակելուն, ապա վերջինս նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այն, քանի որ այդ դեպքում ազգային նշանակության այդ գործը կիջեցվի անձնական բանավեճի մակարդակի, ինչից չի շահի բուն քննությունը:

Եվ ահա, քննության շրջանակում նախաքննական մարմինը, ենթադրվում է, որ կհարցաքննի Սամվել Բաբայանին։ Այս անձանցից բացի այլ անձանց եւս կկանչեն հարցաքննության: Իսկ ովքեր են նրանք. մանրամասները կիմանանք առաջիկայում»։

 

«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում, չեն կարողանում նրա ասած-արածների տակից դուրս գալ։ Արդեն քանի օր է՝ պատերի տակ ՔՊ-ականները դատապարտում են նրան, ասում են՝ չէր կարելի օրենսդիր մարմնում ընդդիմադիրներին համբալ անվանել։ Անգամ Փաշինյանի հավատարիմ զինակիցներն են խուսափում խոսել այս թեմայով, «կռուտիտներ» չեն կարողանում գտնել, ոմանք նույնիսկ հայտարարում են, թե չեն հավատում, որ վարչապետը նման բան ասած լինի։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, իշխանափոխությունից հետո Փաշինյանի հովանու ներքո ապաստանած Սերգեյ Բագրատյանին երեկ հարցրինք՝ լինելով նախորդ գումարման խորհրդարանների պատգամավոր՝ հիշո՞ւմ է, որ երբեւէ որեւէ վարչապետ ընդդիմության ներկայացուցչին թիվ մեկ օրենսդիր մարմնում համբալ ասած լինի։ Հարցը լսելուն պես պատգամավորը խառնվեց իրար, դիմեց ժեստերի լեզվին՝ խնդրելով, որ «յան տանք» իրենից, ինքը չգիտի ինչ պատասխանի։ Երբ տեսավ «յան չենք տալիս»՝ մարաթոնյան վազքի չեմպիոնի նման դուրս նետվեց խորհրդարանի շենքից։ Մենք որոշեցինք «հետապնդել» նրան, ի վերջո, նա ճարահատյալ նետեց՝ «նո քոմենթ»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ են հավաքվում դատավորները։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների ժողով հրավիրելու պատճառն այն է, որ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներից մեկի տեղը թափուր է, դատավորները պետք է հավաքվեն ու կառավարման խորհրդի դատավոր անդամ ընտրեն։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հրամանով դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Ըստ հրամանի՝ ընդհանուր ժողովը նախատեսված է 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին։ Թե ինչ օրակարգով է ժողով հրավիրվել, չէին մանրամասնել»։