Արցախցիները ՀՀ դպրոցներում ու բուհերում. կրթության ոլորտի հետ կապված խնդիրները շատ են

«Կրթության ոլորտի հետ կապված խնդիրները շատ են». արցախցի պատգամավորը MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ տեղահանվելուց հետո առաջին շաբաթներին Հայաստանի կառավարությունը օպերատիվ կազմակերպել է արցախցի աշակերտներին դպրոցներում, իսկ ուսանողներին՝ ըստ մասնագիտությունների, համապատասխան բուհերում տեղավորելու գործընթացը։
«Այստեղ շատ կարևոր է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսուցիչների զբաղվածության հարցը։ Եզակի դեպքերում անձնական կապեր օգտագործելով կես կամ 0,25 դրույքով մի քանի հոգի ընդունվել են աշխատանքի։ Դպրոցի մասով, աշակերտների 94%-ը ընգրկված է դասապրոցեսներում։ Փոքր տոկոսը չի հաճախում սոցիալական տարբեր խնդիրների պատճառով։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել անհատների և մարզպետարանների ցուցաբերած աջակցությունը, որոնց շնորհիվ երեխաներն ինտեգրվում են նոր միջավայրին»,- ասում է Ավանեսյանը։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ բռնի տեղահանությունից հետո ՀՀ համապատասխան գերատեսչությունը կապ չի հաստատել կրթության ոլորտի խնդիրներին խորքից ծանոթանալու համար:
Քանի որ մի կողմը տիրապետում է լրիվ խնդիրներին, մյուս կողմը, կարծես, պատրաստ է դրանց լուծում տալ, առաջարկներ չեն լսել, այլ փորձել են իրենց պատկերացրած ձևով դրանք լուծել, ինչը բերել է նրան, որ այս պահի դրությամբ ոլորտում բավականին շատ խոչընդոտներ կան.
«Առաջնայինն այն է, որ Արցախի երեխաները առօրյա խոսակցական լեզվական խնդիր ունեն։ Եթե անգամ ընթերցում է, ենթադրենք, գրականություն, միևնույն է, տարբերվում է մյուսներից իր առոգանությամբ։ Սա միանշանակ խանգարում է նրանց 100%-անոց ինտերգման գործընթացին, քանի որ ունենք հստակ դեպքեր, երբ աշակերտները ծիծաղել են, իսկ արցախցի աշակերտը դրանից ավելի է բարդույթավորվել։ Ծնողը դիմել է տնօրենին, խնդրել, որ երեխային ինտեգրելու համար համապատասխան գործընթաց սկսեն, խոսեն դասընկերների հետ, սակայն, վերջինս ասել է՝ «խնդիրը ձեր երեխայի մեջ է»»։
Պատգամավորն ահազանգում է․ «Պետք է հաշվի առնել նաև երեխայի հոգեբանական կարգավիճակը։ Իննամսյա շրջափակումը, պատերազմը, բռնի տեղահանությունը հասցրել են դեպրեսիվ իրավիճակի»։
Մեր զրուցակիցը նաև ողջունելի դեպքերին է անդրադառնում՝ սեփական օրինակով։ Իր դպրոցահասակ 3 երեխաներին դասարաններում ծափերով են դիմավորել։ Նրանք արագ ինտեգրվել են նոր միջավայրին, ձեռք բերել նոր ընկերներ։ Ընկալումները տարբեր են, բայց, բարեբախտաբար, Հայաստանի դպրոցների մեծ մասում արցախցի երեխաներին առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում։ Լեզվական վառ արտահայտված խնդիրը, կաշկանդումը, դժվար ինտեգրումը ազդում է նաև ուսման որակի վրա։
Հունան Թադևոսյան