Պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ. դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու․ Տեր-Պետրոսյան

Պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ. դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու․ Տեր-Պետրոսյան

Ի՞նչ ենք քննարկել․ սեպտեմբերի 18-ին ինձ այցելեց Վեհափառ հայրապետը, նստեցինք, երկար զրուցեցինք, այս վիճակի մասին, լուծումների մասին։ Այդպես որոշեցինք, որ հարկ է հանդիպել, կազմակերպեցինք հանդիպում, ի դեպ, Վեհափառը որոշել է Հայաստան հրավիրել նաև Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ 1-ին՝ այս խնդրին համահայկական բնույթ տալու համար։

Այս մասին այսօր Հանրային հեռուսատընկերության եթերում ասաց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ խոսելով Կաթողիկոսի, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպման մասին։

Նրա խոսքով, նախապես կազմել էր այդ հանդիպման արդյունքում իր հրապարակվելիք հաղորդագրությունը։ Վերջինս ընթերցեց այն՝ հավելելով, որ այս հրապարակումը չեղավ.

«Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրները, և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»,- մեջբերեց նա։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը հետաքրքրվեց, թե ո՞վ էր այս հայտարարությանը դեմ, սակայն առաջին նախագահը պարզաբանեց, որ խորհրդակցությունը ներքին է և եթե այսպիսի բաները բացահայտի, ապա իրենց գործը կփչացնեն։

Տեր֊Պետրոսյանի խոսքով՝ մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական շրջանում, որ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը արդարացված չէ։

Խոսելով երկրում տիրող իրավիճակի և դրա լուծումների մասին՝ վերջինս նկատեց, որ մեզ սպասվում են ծանր, ցավոտ լուծումներ.

«Պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, որ այլընտրանք չկա։ Եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, որոնք գիտեք, թե ինչքան են մեզ սիրում, մենք այլևս այդ 70 տարվա իրողությունը չենք կարողանա վերականգնել»,- ասաց նախագահը` նշելով, որ Հայաստանը խաղաղ է ապրել խորհրդային տարիներին։