Ապրող ու ապրեցնող 4 կանայք՝ «Լինում է չի լինում» ֆիլմում

Ապրող ու ապրեցնող 4 կանայք՝ «Լինում է չի լինում» ֆիլմում

Արդեն մեծ էկրանին է ամերիկաբնակ ռեժիսոր, մուլտիմեդիա արտիստ Էմիլի Մկրտչյանի «Լինում է չի լինում» ֆիլմը, որը պատմում է արցախցի 4 կանանց մասին։ Որպես կերպարներ՝ Էմիլին նկարահանման ընտրել է լրագրող, հասարակական գործիչ Սիրանույշ Սարգսյանին, կին սակրավոր՝ Սվետլանա Հարությունյանին, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ակտիվ հասարակական գործիչ Գայանե Համբարձումյանին և ձյուդո մարզաձևի եվրոպայի չեմպիոն Սոսե Բալասանյանին։ 

«Երբ ԱՄՆ-ից գալիս էի Հայաստան անպայման այցելում էի նաև Արցախ ու հասկանում էի, թե որքան տարբեր են Արցախի կանայք՝ իրենց ուժով, կամքով, կենցաղով։ Նրանք ավելի պայքարող են։  Այդպես ծնվեց ֆիլմ նկարելու գաղափարը ու որոշեցի ընդգրկել տարբեր գործունեությամբ զբաղվող կանանց։ Դա այն ժամանակահատվածն էր, որ Արցախում  խաղաղ էր, իսկ կյանքը գնալով էլ ավելի էր ակտիվանում»,-MediaHub-ին պատմեց Էմիլի Մկրտչյանը։ Ա

մերիկայում բնակվող հայուհու համար սկզբունքային էր Արցախը ներկայացնել 4 կանանց միջոցով, որոնք պայքարում էին՝ իրենց հայրենիքում փոխելու կյանքի որակը։ 

«Նպատակը չճանաչված Արցախի մոտիվացնող կանանց մասին ֆիլմ նկարահանելն էր։ Սակայն, ամեն ինչ փոխվեց 2020 թվականի պատերազմով»։ 
Էմիլին այդ ժամանակ վերադարձավ Արցախ ու իր ընտրած հերոսներին նկարեց այդ արհավիրքի ժամանակահատվածում։ 

«Ի սկզբանե «Լինում է չի լինում»-ը պետք էր աշխարհին ընդամենը պատմեր մի երկրում ապրող, արարող ու ապրեցնող կանանց մասին, որի ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարում էր խաղաղ ապրելու և ինքնորոշվելու իրավունքի համար։ Սակայն, ֆիլմը դեռ մեծ էկրան չէր բարձրացել, երբ սկսվեց շրջափակումը, հետո պատերազմը և ամենացավալին՝ Արցախի հայաթափումը։ Ֆիլմում փուլ առ փուլ ներկայացված են այդ բոլորը դրվագները»։ 

Արցախի խաղաղ կյանքի, պատերազմով ընդհատված կյանքերի, էթնիկ զտման, ծննդավայրը կորցնելու ցավի ու կարոտի մասին ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է միացյալ նահանգներում։ Էմիլին այս անգամ Հայաստանում, է, որ «Լինում է չի լինում» ֆիլմը ներկայացնի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում։