Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել Սոթք

Գեղարքունիքի մարզ մեկնած ընդդիմադիր մի խումբ պատգամավորների իրավապահները թույլ չեն տվել մտնել Սոթք․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Այս պահին Վարդենիսում ենք, ճանապարհին կանգնեցրել են, թույլ չեն տալիս գյուղ մտնենք։ Հստակ հրահանգ կա, որ մեզ գյուղ չթողնեն։ Տեսնում ենք, որ ուրիշները գնում-գալիս են, իսկ մեզ թույլ չեն տալիս»,-ասաց նա։
Հարցին՝ գուցե անվտանգության երաշխիքներ չկա եւ անհանգստանում են պատգամավորների համար, մեր զրուցակիցը բացառեց, որ դա է պատճառը։
«Ի՞նչ անվտանգություն, նման բան չկա, եթե դա լիներ պատճառը՝ գյուղի բնակիչներին կտարհանեին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ծանր տեխնիկայի կիրառմամբ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, այս պահի դրությամբ հայտնի է չորս վիրավորի մասին։ Ադրբեջանը հայտնել է մեկ զոհի և վիրավորի մասին:
Լիա Սարգսյան