Նարեկն ա, էլի, Մկրտչյան, եթե հեղինակություն ունենար Փարաքարում, կազդեր, էլի․ Վալոդյա Գրիգորյան

Փարաքար համայնքում «Միասնություն» դաշինքը՝ Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, 57 տոկոսից ավելի ձայնով պարտության մատնեց ՔՊ-ին։ Այստեղ նրանցից բացի ևս երկու ուժ էր մասնակցում ընտրություններին՝ «Ազգային առաջընթացը» և «Կայունությունը»։
Չնայած ՔՊ-ի գործադրած վարչական և կրիմինալ ռեսուրսներին և բանեցրած ճնշումներին՝ այս համայնքում, միևնույն է, ժողովուրդը մերժեց ՔՊ-ին։
Վալոդյա Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց՝ սպասում էր, որ կհաղթի ընտրություններում, բայց չէր կանխատեսել՝ ինչ տոկոսով։
-Իսկ ինչ-որ միջադեպեր, խնդրահարույց իրավիճակներ արձանագրվե՞լ են ընտրությունների ընթացքում։
-Չէ, լուրջ միջադեպեր չենք ունեցել, ոչ մի խնդիր չի եղել։
-Իսկ ՔՊ-ի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, պատրա՞ստ են նրանք Ձեզ հետ միասին նորմալ աշխատել ավագանու կազմում։
-Նրանց տրամադրվածությունը չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է ավագանու կազմում աշխատելուն, ապա կլինեն ավագանու նիստերը, կծանուցվեն ավագանու անդամները, կգան, որպես ավագանու անդամ՝ կաշխատեն ի շահ համայնքի։
-Կարծում եք՝ ՔՊ-ն հեշտությամբ կմարսի՞ այս պարտությունը Փարաքարում, և ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ դրանից հետո ընկնեն Ձեր հետևից, փորձեն գործ հարուցել և այդ ճանապարհով խլել այդ պաշտոնը Ձեզանից, ինչպես որոշ այլ համայնքներում են արել։
-Նախ այդ պաշտոնը ժողովրդի պաշտոնն է, ժողովրդի տված քվեն է, ժողովրդից պետք է խլեն էդ ամեն ինչը, եթե ինչ-որ մեկը կուզենա ինչ-որ քայլերով գնա առաջ, իսկ դրա պատասխանն էլ, վստահ եղեք, ժողովուրդը կտա։ Շատ տրամադրված են մարդիկ, ու ոչ թե մարդկանց դեմ բացասաբար, այլ մեր համայնքի հետագա զարգացման հանդեպ։
-Իսկ կա՞ այդպիսի նախատրամադրվածություն, և Ձեր դեմ, առհասարակ, քրգործեր կա՞ն հարուցված կամ կկարողանա՞ն գտնել ինչ-որ բան Ձեր դեմ։
-Ոչ, չկան։ Ի՞նչ պետք է գտնեն, ես ոչ մի էդպիսի ինչ-որ բաների մեջ չեմ հայտնվել երբևէ, որ ինչ-որ բան էլ գտնեն։
-Դե, իշխանության երևակայությունը, ինչպես ասում են, անսպառ է, կարող է պարզվի՝ Արցախը Դուք եք հանձնել, «Մարտի 1»-ի դեպքերի հետ կապ ունեք կամ, ասենք, որոշեն, որ ընտրակաշառք եք բաժանել։
-Կապրենք, կտեսնենք, ոչ մի բան չեմ կարող ասել։ Բայց էդպիսի բաներ չի կարող պարզվել, որովհետև այդպիսի բան չի եղել հաստատ։
-Իսկ ՔՊ-ի և իշխանությունների հետ, որպես համայնքապետ, ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել, քանի որ Դուք այդպես շատ ռադիկալ ընդդիմադիր դիրքերից հանդես չեք գալիս, չեք քննադատում սուր, չեք հայհոյում իշխանություններին, բայց նաև ցույց եք տալիս, որ դեմ եք այս իշխանություններին։
-Ես աշխատելու եմ ի շահ մեր համայնքի, ի շահ մեր բնակչության, և, իմ կարծիքով, բոլորն էլ պետք է ուրախ լինեն, որ ժողովրդի խնդիրները օր առաջ լուծում ստանան։
-Ի դեպ, Փարաքարը նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի «ազդեցության գոտին» է, ու ասում էին՝ Նարեկ Մկրտչյանը շատ էր խառնված այս նախընտրական գործընթացների մեջ Փարաքարում, իր ունեցած հնարավոր ազդեցության լծակներն էր օգտագործում, որ ամեն գնով ՔՊ-ի թեկնածուն հաղթեր, ու հիմա սա նաև Նարեկ Մկրտչյանի անձնական պարտությունն է։ Դուք իր ներկայությունն ու ազդեցությունը զգո՞ւմ էիք ընտրություններին ժամանակ։
-Մենք ապրում ենք մի համայնքում, որտեղ ապրում է Նարեկ Մկրտչյանը նույնպես, և ոչ մի ազդեցություն Նարեկ Մկրտչյանը չէր կարող ունենալ մեր ժողովրդի դեմ և ժողովրդի հանդեպ։
-Ինչո՞ւ, չունի՞ այդքան հեղինակություն, որ մարդիկ իր խոսքին հետևելով՝ կողմնորոշվեին իրենց ընտրության հարցում։
-Դե, եթե ունենար, կկողմնորոշվեին կամ կազդեր, էլի։
-Այսինքն՝ առանձնապես ազդեցիկ կամ ազդեցություն ունեցող դե՞մք չէ Նարեկ Մկրտչյանը ձեր համայնքում, ընդամենը նախարար է։
-Նարեկն ա, էլի, Մկրտչյան, ընդամենը նախարար է, այո։
Վահե Մակարյան