Սարդարապատում` persona non grata. «Քաջ Նազարը» գնում է Ապարան

Սարդարապատում` persona non grata. «Քաջ Նազարը» գնում է Ապարան

Նիկոլ Փաշինյանին ու նրա վախերը բոլորս այս անիծյալ վեցը տարիների ընթացքում հասցրել ենք լավ ճանաչել: Եվ երբ երեկ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժման մասնակիցների հետ միասին գնում է Սարդարապատի հուշահամալիր այնտեղ գիշերելու, 99%-ով կարելի էր պնդել, որ Փաշինյանը հուշահամալիր այսօր առավոտյան չի այցելի:

Իհարկե, մի անգամ նման փորձ ունեցել ենք, երբ առավոտյան եկավ «Եռաբլուր», որտեղ նրան զոհված զինծառայողների ծնողներն էին սպասում և հիշում ենք, թե ինչպես սգացող ծնողներին ոստիկանները ոտքերից ու ձեռքերից բռնած հեռացրեցին տարածքից՝ Փաշինյանի մուտքը ազատելու համար: Այստեղ այդ նույնն անել չէր ստացվի:

MediaHub-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի այցի համար երեկ ամբողջ օրը «պրոտոկոլը» անհրաժեշտ միջոցառումներն է իրականացրել տեղում: Անգամ Հ1-ի «PTS»-ներն են տեղադրվել՝ հուշահամալիրում և նաև թանգարանում: Մամուլն արդեն գրել է, որ Սարդարապատի հուշահամալիր այցի շրջանակում Փաշինյանը պետք է մեդալներ հանձներ: MediaHub-ի տեղեկություններով՝ այդ միջոցառումը պետք է տեղի ունենար հուշահամալիրի թանգարանում, սակայն դրանից էլ է հրաժարվել “քաջ Նազարը”: Եվ մեդալների հանձնման միջոցառումը տեղափոխվել է Երևան, հավանաբար՝ Բաղրամյան 26, Հանրայինի «PTS»-սն էլ այլևս Սարդարապատում չէ:

Մեզ մնում է միայն հիշեցնել, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մարդիկ գիշերել են հուշահամալիրում և հիմա էլ սպասում են, թե ե՞րբ հայրենիքի հողերը թշնամուն հանձնող անձը կժամանի այն մարդկանց հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որոնք, հակառակը, անասելի ճիգեր ու սխրանքներ գործելով այդ հայրենիքը պահեցին: