Դավիթ Տոնոյանի դիրքորոշումը չի փոխվել․ դատարանը դեռ միջնորդությունը չի բավարարել

Դավիթ Տոնոյանի դիրքորոշումը չի փոխվել․ դատարանը դեռ միջնորդությունը չի բավարարել

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարել էր, թե միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Նա նշել էր, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարել է՝ եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա օգոստոսի 1-ին նիստ  կհրավիրվի։

Վերջինս նույնպես Տոնոյանի համար միջնորդել է դատարանին։

MediaHub-ը Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործընթացը։ Փաստաբանը պատասխանեց, որ Տոնոյանի դիրքորոշումը չի փոխվել։

«Դատարանի որոշում դեռ չկա, միանշանակ չէ, որ միջնորդությունը կբավարարվի»,-ասաց նա։

Հարցին, թե ինչը կարող է խոչընդոտել, փաստաբանն ասաց՝ օրենսդրական խնդիրներ կան կալանավորված անձին տեղափոխելու հետ կապված:

Հիշեցնենք, Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին:

Լիաննա Թորոսյան