Առանց երկիմաստությունների և որոգայթների ասեք՝ ո՞րն է ձեր պատկերացմամբ Ղարաբաղի ապագա կարգավիճակը․ հարց Փաշինյանին
2018թ-ից սկսած դուք ասում էիք, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար: Առանց երկիմաստությունների եւ որոգայթների խնդրում եմ ասեք՝ ո՞րն է ձեր պատկերացմամբ Ղարաբաղի ապագա կարգավիճակը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ Կառավարության 2021-2022թթ. ծրագրում առկա է «Ղարաբաղյան հիմնախնդիր» առանձին բաժին, որտեղ նշված է, թե ինչպես է Կառավարությունը տեսնում հակամարտության կարգավորումը։ Հստակ սահմանվում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Արթուր Խաչատրյանը Փաշինյանին ցույց տվեց 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ու նշեց, որ «Ղարաբաղյան հակամարտություն» բաժին առանձին ընդանրապես գություն չունի, իսկ ԼՂ քաղաքական կարգավորման մասին, ըստ նրա, շատ թեթեւ ակնարկ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթաց գլխագրի ներքո, բայց ինքնորոշման իրավուքնի մասին որեւէ հղում չկա։
«Դուք ինքնորոշման իրավունքը նախորդ ելույթներից մեկում շատ յուրովի մեկնաբանեցիք, ասելով՝ «ինքնորոշվել նշանակում է լինել որեւէ տեղ եւ ինքնորոշման իրավունքի իրացմամբ այդտեղից տեղափոխվել այլ տեղ"։ Հստակեցրեք՝ եթե ինքնորոշման ձեր այդ սահմանումը կար 2021թ․-ին, ապա ինչո՞ւ ձեր ծրագրի մեջ չկար, ինչո՞ւ հայտնվեց 2022թ․-ին, եւ վերջիվերջո առանց երկիմաստությունների եւ որոգայթների ներկայացնել թե Ղարաբաղի ապագա կարգավիճակը որտե՞ղ է գտնվում եւ ինչպե՞ս եք տեսնում»,-ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: