Ելույթից առաջ գողացել են դուդուկահարի կոշիկները, անջատել միկրոֆոնը, բայց վերջում խումբն արժանացել է «Գրան պրի» մրցանակի

Արցախից բռնի տեղահանվելուց հետո երգչուհի Լուսինե Մարտիրոսյանն իր շուրջը հավաքեց տաղանդավոր երաժիշտների ու անհատ կատարողների և Երևանում ստեղծեց վոկալ-գործիքային ստուդիա, որ պահպանեն արցախյան երգերը, հնարավորինս այն հանրայնացնեն։
Լուսինեն MediaHub-ի հետ անկեղծացավ՝ «գիտեի, որ սկիզբը դժվար է լինելու»։ Սակայն, դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության «Երաժիշտների Միություն» ՀԿ նախանձեռնությամբ իր խումբը ստացավ «Արցախի զարկերակը» անվանումը։ Անցած ամիսների ընթացքում ունեցել են 4 համերգ, սակայն վերջինը, որ տեղի է ունեցել Վրաստանի Բաթումի քաղաքում, թերևս ամենաանմոռանալին կլինի։
«Դժվարություններին ու փորձություններին զուգահեռ, մեզ հաջողվեց ոչ միայն հրաշալի ելույթ ունենալ, այլ արժանանալ մրցանակի»,- ասում է երգչուհին։
Բաթումիում այս օրերին ընթանում է միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, որին ՀՀ երաժիշտների միության հետ մասնակցում է նաև «Արցախի զարկերակը»։
«Փառատոնը միաժամանակ տեղի էր ունենում տարբեր համերգասրահներում, բազմաթիվ երկրների համույթների մասնակցությամբ։ Մենք պետք է ելույթ ունենայինք Օպերայի համերգասրահում, բայց, անվտանգությունից ելնելով, վերջին պահին մեզ տեղափոխում են այլ համերգասրահ, և այդտեղից էլ մեզ համար նոր խնդիրներ են ստեղծվում։ Դեռ չէինք հասցրել լարել գործիքները, փոխել մեր հագուստն ու գոնե մեկ անգամ «սաունդչեկ» անեինք, երբ վրացիները ռուսերենով հայտարարում են՝ «բեմահարթակում է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, դիմավորեք «Արցախի զարկերակը» վոկալ-գործիքային անսամբլին»։ Ես այդտեղ հասկացա, որ մեր ելույթը միտումնավոր տանում են ձախողման»,- պատմում է Լուսինեն Մարտիրոսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ խումբն անպատրաստ պետք էր ելույթ ունենար, երբ հասկացան, որ գողացել են դուդուկահարի կոշիկները, իսկ վերջին պահին փոխվում է դաշնակահարը, քանի որ չի հասցրել փոխել հագուստը։
«Այդ պահին բոլորս փնտրում էինք, որ հնարավորինս արագ գտնենք դուդուկահարի կոշիկները, միտումնավոր գողացել էին, չգիտեի՝ ի՞նչ անել, շատ անելանելի վիճակում էինք հայտնվել։ Իհարկե՛ Հայաստանի մեր գործընկերները ոգևորում էին մեզ, բայց մեր նպատակը որակով ելույթ ունենալն էր ու հաղթանակի հասնելը։ Պատկերացրեք, դաշնակահարը, միաժամանակ 2 գործիքի վրա է նվագել՝ պիանոլայի և սինթեզի, իսկ դուդուհարն առանց կոշիկների է բեմել»։
Երիտասարդ երգչուհին երգացանկն ընտրելիս Արցախի հորովելն ու Սայաթ-Նովայի երգերն է սինթեզել, ներկայացրել են Արցախի բարբառային այլ երգեր ու հայկական ժողովրդական ստեղծագործություններ։
«Մեր ելույթի ժամանակ ժյուրին մեծ բավանակունություն էր ստացել, մենք երգում էինք, իրենք ոգևորված պարում։ Բնականաբար դա Ադրբեջանի պատվիրակության սրտով չէր, մանավանդ, որ մեր երգերում գովերգում էինք Արցախը, Հայաստանը։ «Ղարաբաղ» երգի ժամանակ, մինչև երգի կուլմինացիոն հատվածն ամեն ինչ նորմալ էր, բայց երբ սկսեցինք այդ երգը ռուսերեն թարգմանությամբ կատարել, անջատեցին մեր միկրոֆոնները։ Մենք գիտեինք, որ խափանումներ հնարավոր է լինեն, ինչ որ չափով մեր թիմին այդ մասին ասել էի, ելույթը չընդհատեցինք, շարունակեցինք երգել մինչև վերջ՝ առանց միկրոֆոնների»։
Սա Լուսինեի և «Արցախի զարկերակի» վերջին փորձությունը չէր։ Ելույթից հետո ետնաբեմից գողանում են նրանց հեռախոսները։
«Հակառակ հնչյունային ռեժիսորի քմծիծաղին, Կիպրոսի, Ադրբեջանի և Ուկրաինայի ժյուրիի պահվածքին, մենք հաղթեցինք։ «Ղարաբաղ» երգը քաղաքական դրդապատճառներով հանել են մրցութային համարից, իսկ մյուս երգերի և շարանների համար արժանացել ենք «Գրան պրի» մրցանակի։ Ժյուրին ասում էր՝ «Բոլոր երկրների ելույթները համեմատում էինք ձեր ելույթի հետ, ամեն ինչ հրաշալի է», դա է պատճառը, որ «Արցախի զարկերակը» համերգի հրավեր է ստացել Հունաստանից»,- հավելեց երգչուհին։
Հունան Թադևոսյան