Ավինյանն իզուր էր դեմքը խոժոռում՝ փոսերը ոնց կային, տենց էլ մնացին իրենց տեղերում (լուսանկարներ)

Ավինյանն իզուր էր դեմքը խոժոռում՝ փոսերը ոնց կային, տենց էլ մնացին իրենց տեղերում (լուսանկարներ)

Մի քանի շաբաթ առաջ Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի գլխավոր աթոռի թիվ մեկ հավակնորդ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փորձեց «ատամ» ցույց տալ. ունքերը վեր բարձրացրեց, դեմքը խոժոռեց ու հնարավորինս խիստ տոնով հանձնարարեց, որ մայրաքաղաքի փոսերը արագ լցվեն, որովհետև դա կարևոր հարց է, բայց անտեսվում է: Նրա հայտարարության կոնտեքստը սա էր:

Մեկ շաբաթ անց էլ գոհունակությամբ փաստեց, որ բավականին գործ է արվել, շատ փոսեր են լցվել ու եթե հնարավոր էր մի շաբաթում այդ ծավալի աշխատանք անել, ապա ինչո՞ւ չէին անում: Մի խոսքով՝ ասացին, իրենք իրենց գովացին ու մոռացան այն փոսերի մասին, որոնք իրական գլխացավանք են վարորդների համար:

Մինչդեռ MediaHub-ը շարունակում է վրդովված վարորդներից, որոնք ամեն օր գույքային վնաս են կրում պատկան մարմինների՝ իրենց լիազորություններին «մատների արանքով» նայելու հետևանքով, ահազանգեր ու լուսանկարներ ստանալ այս փոսերից, որոնք դեռ զարդարում են Երևանի փողոցները: Եվ խոսքը, նկատենք, ամենևին էլ ու միշտ չէ, որ երկրորդական փողոցներին է վերաբերում, բավականին լուրջ ու զարհուրելի փոսեր կան նաև բանուկ հատվածներում: 

Այդպես, MediaHub-ը շաբաթներ առաջ հրապարակել էր Դավթաշեն կամուրջից դեպի Աշխատարի խճուղի դուրս եկող հատվածի թե՛ փոսի, թե՛ ջրատարի բաց լինելը փաստող լուսանկարը, բայց ահա շաբաթներն անցան, Տիգրան Ավինյանի ունքերը վերադարձան սկզբնական վիճակին, ջղայնությունն անցավ, քանզի նա ցույց տվեց, թե իր ասածները նույնիսկ մի շաբաթում են անում, ու Ավինյանը կենտրոնացավ իր քարոզարշավի վրա: Երևանյան փոսերն էլ խորը շունչ քաշեցին՝ պաշտոնյաները իրենց հաստատ ձեռք չեն տա, կարելի է շարունակել մարդկանց կյանքը բարդացնել ու գույքը վնասել:

Ի դեպ, այդ նույն տարածքում սա միակ դեպքը չէ. Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ գնացող ճանապարհին ևս երկու ջրատար բաց է, ստեղծելով լուրջ խնդիր թե՛ ավտոմեքենաների, թե՛ մարդկանց համար: Սա ևս մեկ ապացույց է, որ Դավթաշեն վարչական շրջանում թքած ունեն ջղայնացած Տիգրան Ավինյանի հանձնարարականների վրա և արդեն մի քանի շաբաթ է (նրա ջղայն տիռադայից հետո) և մի քանի ամիս է՝ ընդհանուր առմամբ, չգիտես ինչով են զբաղված:

Նման՝ վտանգավորության առումով հիացմունքի արժանի մի փոս էլ մի քանի ամիս է Ազատամարտիկների փողոցում է, այն մայթեզրին է, բայց այսպես կոչված խամ վարորդները, որոնք անգիր չգիտեն այս հատվածի փոսերը, անպայման դրա մեջ ընկնելու բախտին արժանանում են: Ու դարձյալ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունը անտեսում է Տիգրան Ավինյանի ունքերը կիտելն ու ջղայնանալը....

Օրինակները շատ են: Բայց այսօր, թերևս, այսքանը:

Մեր այս հրապարակումով հիշեցնում ենք Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանին, որ «մինչև գետը չթռնես՝ հոպ մի ասա», պետք չէր ընդամենը մեկ շաբաթվա արված աշխատանքները ներկայացնել որպես հաղթանակ, այլ հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի իսկապես գործ արվի: Այլապես ստացվում է, որ այդ ամենը ուղղակի նախընտրական շոու է, «գալչկա» դրեցինք ու անցանք առաջ: Այո՛, փոսեր միշտ առաջանալու են, միշտ լինելու են, բայց մեր այս հրապարակման մեջ ՀԱՏՈՒԿ ներկայացրել ենք նրանք, որոնք ամիսների պատմություն ունեն, այսինքն՝ պատկան մարմինների ամիսների անտարբերության հետևանք են:

Սպասենք Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստին ու փոսալցումների աշխատանքների մասին նորանոր գովասանքի խոսքերին: Ու հետևենք այս փոսերի ճակատագրին...