Բաքվում պահվում են 55 հայեր

Բաքվում պահվում են 55 հայեր

2020 թվականի 44-օրյա պատերազմի առնչությամբ գերեվարված քաղաքացիները դեռ Ադրբեջանում են: Սա արդեն խոսում է ձախողումների մասին, որպես կանոն ակտիվ ռազմական գործողություններից հետո տեղի է ունենում գերիների փոխանակում, այս առումով մենք տեսանք, որ նոյեմբերի 9-ի դրույթները չկատարվեցին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Խոսելով ՀՀ-ի բացթողումների մասին՝ վերջինս նշեց, որ Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին։

«Հայաստանն ընդունեց Ադրբեջանի այն խաղի կանոնները, որ գերիների ազատ արձակումը պետք է կապված լինի քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ։ Բոլոր դեպքերում, երբ ունեցանք գերիների ազատ արձակում, դրանք կապված էին որոշ քաղաքական գործոնների հետ»։ 

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս պահին Բաքվում պահվում են 55 հայեր․ «Ունենք 6 քաղաքացիական գերիներ, 41 ռազմագերիներ  և 8 քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ։ Սա պաշտոնականացված թվաքանակ է, սրանից զատ Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ քայլեր չեն իրականացվում»։

Իրավապաշտպանը փոխանցեց, որ այս ողջ ժամանակահատվածում գերիները չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մեխանիզմի հետ։ 

«Այցելությունները եղել են բացառապես ԿԽՄԿ-ի կողմից, բայց այդ այցելությունները շատ դեպքերում ուշացած են։ Անգամ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում մենք 2-3 շաբաթ անց կարողացանք տեղեկություն ստանալ առաջին այցելության մասին»,- ընդգծեց Սահակյանը։