Սարմեն անունով անձի հետ ՆԳՆ-ն որեւէ առնչություն չունի, փորձում են «սեւ բիծ» թողնել կառույցի վրա․ Ֆիդանյան

ՀՀ Ոստիկանությունն անձնագրերի տպագրման, պլաստիկ քարտերի եւ օժանդակ նյութերի ձեռքբերման նպատակով տարբեր տարիներին ավելի քան 350 միլիոն դրամի գնում է կատարել նույն անձին պատկանող «Ինֆորմատիկ Սոլուշն» եւ «Ինտելիջենթ Սոլուշնս» ՍՊԸ-ներից, որոնց շահերը ներկայացնող փաստաբան Գագիկ Խաչիկյանը մամուլի միջոցով դժգոհություններ է հայտնել ուժային կառույցից։
Չհստակեցնելով, թե կոնկրետ ով է Սարմենը, ինչ պաշտոն է զբաղեցնում Ոստիկանությունում՝ Խաչիկյանը «Հրապարակ» օրաթերթին պատմել է, որ մրցույթներից հետո ընկերության ղեկավարության հետ կապ է հաստատել Սարմեն անունով մեկը եւ ասել, թե «կարգերն այլ են, մրցույթներում հաղթելու եւ հետագայում նորմալ աշխատելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել», առաջարկել` 5 մլն դրամ տալ իրեն՝ խոչընդոտները վերացնելու համար, այլապես ընկերության «ոտքը կկտրի մրցույթներից»։
ՀՀ Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբան Գագիկ Խաչիկյանից դիմում-բողոքներ ստացել են, որոնք ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ մեղադրանքների մեջ ՆԳՆ Ոստիկանությանն առնչվող դրվագներ չկան։
«Տվյալ քաղաքացուց մենք դիմում էինք ստացել, որտեղ առերեւույթ որոշակի մեղադրանքներ էին ներկայացվել։ Դրանցով մենք իրականացրել ենք ուսումնասիրություններ․ ՆԳՆ Ոստիկանությանն առնչվող որեւէ հանգամանք այդտեղ առկա չէր։ Այս պահի դրությամբ այդ ընկերության հետ կապված վարույթ կա, դատական գործընթաց է ընթանում, «սեւ ցուցակում» հայտնվելու խնդրի առաջ են կանգնած։ Կարծում եմ՝ հենց դրանով է պայմանավորված տվյալ ընկերության տնօրենի նման վերաբերմունքը»,-նշեց Ֆիդանյանը։
Ո՞վ է Սարմենը, Ոստիկանության հետ ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցնում ուժային կառույցում. ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարն ասաց, որ այդ անունով անձի հետ նախարարությունը որեւէ առնչություն չունի։
«Ես չհասկացա, թե այդ նյութով ինչ էին ուզում ասել, որովհետեւ տվյալ ընկերությունը նախկինում էլ է մասնակցել մեր մրցույթներին, շահել է, մատակարարել է։ Այս պահի դրությամբ էլ նախկինում մատակարարած ապրանքների մասով որոշակի խնդիրներ կան, որոնք այլ գերատեսչություններ են հայտնաբերել։ Թե կոնկրետ ինչո՞ւմ են մեղադրում Ոստիկանությանը կամ ՆԳՆ-ին՝ հայտնի չէ։ Սարմեն անունով անձի հետ Ոստիկանությունը կամ ՆԳՆ-ն որեւէ առնչություն չունի։ Առերեւույթ մեղադրանքներ է հնչեցվում, բայց, թե ինչի մասին է խոսքը՝ որեւէ կերպ չի նշվում։ Որոշակի տարրերի կողմից հերթական անգամ փորձ է արվում ՆԳՆ-ի եւ Ոստիկանության աշխատանքների վրա «սեւ բիծ» թողնել»,-ասաց ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարը։
MediaHub-ի կատարած ուսումնասիրության համաձայն` 2014, 2017, 2018 եւ 2021 թվականներին Ոստիկանությունը «Ինֆորմատիկ Սոլուշն» ընկերությունից մոտ 350 միլիոն դրամի գնում է կատարել։ Ուշագրավ է, որ ուժային կառույցը ընկերության հետ աշխատել է, այսպես ասած, եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանության օրոք։ «Ինֆորմատիկ Սոլուշն» ընկերությունից ամենախոշոր գնումը կատարվել է 2021թ-ի տարեվերջին։ Անձնագրերի տպագրման աշխատանքների համար ՀՀ Ոստիկանությունը մոտ 200 միլիոն դրամի գնում է իրականացրել հիշյալ ՍՊԸ-ից՝ «էլեկտրոնային աճուրդ» գնման ընթացակարգով։
Լիա Սարգսյան