Այսպես խոսեց «արևմտամետը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ «Հանուն հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է, ով, ըստ էության, գրաքննության կոչ է անում:
Դուրովի ձերբակալությունը
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին շաբաթ երեկոյան ձերբակալել են Փարիզում:
Դուրովը իր սեփական ինքնաթիռով Ադրբեջանից էր Ֆրանսիա մեկնել: Ֆրանսիայի իրավապահները Դուրովին մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, երեխաների դեմ հանցագործության և մեքենայության հատկանիշներով:
Շատերը այս վարկածին չեն հավատում՝ Դուրովի ձերբակալության հիմքում տեսնելով անգամ աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Բաբաջանյանի «յուրօրինակ» լուծումը
«Թույլ տալ Telegram-ի աշխատանքը մեր երկրում նշանակում է թույլ տալ, որ արտաքին ուժերը շարունակեն օգտագործել այն մեր դեմ, սերմանելով նոր վտանգներ մեր հասարակության համար։
Telegram-ի արգելումը չի նշանակի խոսքի ազատության սահմանափակում, այլ՝ ազգային անվտանգության երաշխավորում՝ մեր քաղաքացիների և մեր երկրի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար»,- գրել է Արման Բաբաջանյանը՝ հագուրդ տալով իր «աշխարհաքաղաքական հոտառությանը»:
Ի դեպ, Բաբաջանյանը ծառայություն է մատուցել նաև Փաշինյանին՝ վերջինիս հնարավորություն տալով ԶԼՄ-ներին վերահսկելու նոր մեխանիզմ ստեղծել:
Վահրամ Բագրատյան