Ո՞ւմ համար է թանկարժեք գույքը. Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են

Ո՞ւմ համար է թանկարժեք գույքը. Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, թե Երևանի քաղաքապետարանը  ինչ-որ մեկի աշխատասենյակի համար 5 000 000 դրամի ինտերիերի ձևավորման գնում է հայտարարել։ 

«Չգիտեմ` ում սիրտն է նման ճոխություն ուզել, բայց կլինի՞ իր գրպանից անի, ոչ թե երևանցիների»,- կից գրել էր ավագանու անդամը։

MediaHub-ը հետաքրքրվեց, թե ում աշխատասենյակի համար է գնումը և ինչու է այդքան մեծ գումար հարկավոր։ 

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը MediaHub-ին փոխանցեց, որ իրականում գնումը ոչ թե քաղաքապետարանի, այլ վարչական շրջաններից մեկի համար է։

«Առաջին հերթին, գույքը ձեռք է բերվում վարչական շրջանի բյուջեի հաշվին, պարզապես գործընթացը քաղաքապետարանի աշխատակազմն է անում, այդ պատճառով էլ հայտերն ուղարկվում են մեզ, ներկայացվում, որ ունեն խնայած պայմանական գումար, որով նպատակ ունեն գույք գնել, քաղաքապետարանն էլ այն հաստատում կամ մերժում է»,- ներկայացրեց Կոստանյանը։

Խոսքը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մասին է։ Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետարան գրասենյակային կահույքի գնման հայտ է ուղարկել։ 

«Այդ կահույքի գնման հայտը դրվել է աճուրդի, որպեսզի մարդիկ կարողանան գալ, մասնակցել, իրենց առաջարկն անել ու կահույք մատակարարել վարչական շրջանին»,- ասաց քաղաքապետի խոսնակը։

Հատկանշականն այն  է, որ ավագանու անդամի հրապարակումը տպավորություն է ստեղծում, թե գույքը գնվելու մեկ անձի համար՝ գուցե  նկատի ունենալով նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նույն ժամանակ համայնքապետարանների, քաղաքապետարանի գույքային բարելավումները շարունակական են լինելու, քանի որ առկա են հին կահույքներ, որոնք պետք է թարմացվեն։

Լիաննա Թորոսյան