Ֆիզարձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է արդյոք այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել․ պարզաբանում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրը կարո՞ղ է այդ ժամանակահատվածում այլ գործատուի մոտ աշխատանքի անցնել։
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության) հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Հարկ է նշել, որ նշված հոդվածով տրված կարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, և աշխատողը չի կարող հրաժարվել օրենսդրությամբ հասանելիք իր նպատակային արձակուրդի իրավունքից: Հետևաբար, աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքից չի կարող հրաժարվել և այլ գործատուի մոտ աշխատանք իրականացնել։ Իսկ այն դեպքում, երբ նա գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատանքային օրենսդրությամբ որևէ արգելք չկա․ աշխատողը կարող է մի գործատուի մոտ գտնվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի անցնել մեկ այլ գործատուի մոտ»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նախարարությունից պարզաբանում են նաև հարցը՝ եթե հիմնական աշխատողը վերադառնում է աշխատանքի, իսկ իրեն փոխարինողը գտնվում է ֆիզարձակուրդում, ապա փոխարինող աշխատողը ազատվու՞մ է աշխատանքից․ կա՞ օրենքով սահմանված կարգ։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր: Հետևաբար, եթե փոխարինող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով՝ ժամկետ սահմանելով մինչև հիմնական աշխատողի վերադարձը, ապա հիմնական աշխատողի վերադարձով պայմանավորված՝ գործատուն կարող է լուծել փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ անկախ այն հանգամանքից, որ փոխարինող աշխատողը գտնվում է նպատակային արձակուրդում»,- ասված է հաղորդագրության մեջ։