«Գիքոր» ֆիլմի գլխավոր դերակատարը 53 տարեկան է, շարունակում է ապրել Լոռվա Դսեղ գյուղում

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Հատկապես հանգստյան օրերին տուրիստների պակաս չունի Լոռու մարզի Դսեղ գյուղը։ Պասիվ հանգստի սիրահարները և արվեստի ոլորտի մարդիկ նախընտրում են Դսեղը, որտեղ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից բացի նախընտրում են հանդիպել Թումանյանի «Գիքորը» պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմի Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանին։
«Խմբերով են գալիս տեսակցության։ Մեկ-մեկ ասում եմ՝ «նախ գնացեք Թումանյանի տուն- թանգարան, հետո եկեք հանդիպենք»»,- MediaHub-ին ասում է Ալբերտը։
Ֆիլմի նկարահանումից 42 տարի անց գյուղում Ալբերտին շատերն առ այսօր էլ Գիքոր են դիմում։ 1982-ին էկրանավորված պատվածքի հերոսը հիմա արդեն 53 տարեկան է։
«Տուրիստները հիմնականում մեր հայրենակիցներն են։ Գալիս են, ջերմ զրույցի ենք բռնվում, հետաքրքրվում են ֆիլմի նկարահանման ընթացքի, մեր մեծերի հետ հանդիպումների մասին։ Իրենց հետ գնում ենք «Գիքորի աղբյուր»»- նշեց նա։
«Գիքորի» դերն Ալբերտի առաջին ու միակ խաղն էր։ Փոքր էր, երբ Հենրիկ Մալյանն ու Սոս Սարգսյանը եկան Դսեղ, դերի համար երջանիկ պատահականությամբ ընտրեցին իրեն։
«Մինչ այդ շատ թեկնածուներ են եղել, բայց երբ տեսան ինձ, խոսեցին, հարցուփորձ արեցին, վերջում իմ թեկնածությունն ընտրեցին։ Հարցրել են՝ «Ո՞ր դասարանում ես սովորում», ես էլ միամտաբար ասել եմ՝ «մեր դասարանում»»,- հիշում է նա։
Ալբերտ Ղուլինյանը «Գիքոր»-ում նկարահանվելուց հետո ուսումը շարունակել է կինոտեխնիկումում։
1989-ին ավարտելուց հետո մեկնել է Սովետական բանակ ծառայության։ Այնուհետև սկսվել է պատերազմը, հետո Հայաստանի համար պատմության մեջ հայտնի մութ ու ցուրտ տարիներն են եկել։ Ալբերտը դերասանական խաղն ու մասնագիտական աշխատանքը չի շարունակել։
«Հայրենի Դսեղից երբեք չեմ հեռացել։ Մեր հոգս ու գործով էլ ապրում ենք։ Մեծ ընտանիք ունեմ, 3 երեխա, աղջիկներս ամուսնացել են, հիմա արդեն 4 թոռան պապ եմ»,- հավելեց Ալբերտ Ղուլինյանը։
Գիքորի դերակատարը վստահ է, որ տասնամյակներ էլ անցնեն, միևնույն է «Գիքոր» ֆիլմը հայ իրականության միշտ արդիական է լինելու։ Իսկ ինքը պատրաստ է իր ջերմ օջախում հյուրընկալել բոլոր նրանց, ովքեր ուզում են տեսնել իրական Գիքորին։
Հունան Թադևոսյան