Մահաբեր հրդեհի թնջուկը․ ԱԻՆ գնդապետը սխալ է հասկացել ու հանրայնացրել լսածը

Մահաբեր հրդեհի թնջուկը․ ԱԻՆ գնդապետը սխալ է հասկացել ու հանրայնացրել լսածը

Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված աղետալի հրդեհի հանգամանքները դեռ պարզվում են։ 

15 զինծառայողի կյանք խլած միջադեպը պատահականությո՞ւն էր, անզգուշությո՞ւն, դիտավորությո՞ւն։ Պատասխան դեռ չկա, դեռևս հայտարարություններ են, այն էլ՝ իրար հակասող։ Առաջին այսպես ասած փաստը, որ հանրությանը ներկայացվեց, այն էր, որ տղաները ծխահարված են եղել, նրանց անշնչացած մարմինները հայտնաբերվել են մահճակալներին։ 

«Մահացած 15 զինծառայողներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին՝ անշարժ պառկած վիճակում»,- Հանրայինի եթերում հայտարարել էր ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ Արսեն Սարոյանը։ Նա նշել էր, որ տղաները ծխահարվել են ու չեն արթնացել։

«Սա վարկած է, որը կհաստատվի»,- նշել է նա։ 

Բացի այդ, Սարոյանը տեղեկացրել է, որ տղաներից միայն մեկի մարմինն է մուտքի մոտ հայտնաբերվել։ Սա դեպքի հանգամանքների մասին պաշտոնական առաջին հաղորդագրությունն էր։ Այսինքն, ըստ ՃԿԱԿ պետի տեղակալ Արսեն Սարոյանի, դեպքից հետո կացարանում եղել է 15 հոգի։ Մյուս վեց զինծառայողները կարողացել են դուրս գալ ու փրկվել։ 

Իհարկե, այս հայտարարությունը զոհվածների հարազատները որևէ կերպ լուրջ չընդունեցին։

Նրանք պնդում էին՝ տղաներն ուղղակի չէին ծխահարվի, եթե իրենց թունավորված կամ քնեցրած չլինեին։

«Ինչպե՞ս կարող էր 15 տղաներից և ոչ մեկը չարթնանալ»,- հարց էին բարձրացնում զոհվածների հարազատները։

Այս հարցերի փնջին նոր հարցեր կավելանան այսօր՝ Գլխավոր դատախազության հայտարարությունից հետո։ 

«Դեպքի պահին տան ննջարանի դռան փակված լինել/չլինելու հանգամանքը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է դարձել: Հարցաքննությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ հրդեհի բռնկման ժամանակ տան ննջարանում/զորանոցում գտնվող 17 զինծառայողներից մահացած 14-ի մարմինները հայտնաբերվել են այդ սենյակի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողինը՝ կացարանի նախասրահում, որտեղ տեղադրված է եղել վառարանը, ինչն առերևույթ նշանակում է, որ այդ զինծառայողը կարողացել է ննջարանից դուրս գալ: 14 զինծառայողների մարմինները հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։

Ինչո՞ւ է նման հակասություն առաջացել։

«ԱԻՆ արված հայտարարությունները հերքվել են։ Արսեն Սարոյանը հարցաքննվել է, և տեղեկացրել է, որ տեղում աշխատող ԱԻՆ աշխատակիցներից բանավոր կերպով ստացել է տեղեկատվություն, որը սխալ է հասկացել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասասց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Ըստ Աբրահամյանի՝ 14 տղաների՝ մահճակալներին հայտնաբերվելու մասին տեղեկությունը նախաքննության ընթացքում հերքվել է։ 

Հարցերը շատ են, պատասխանները՝ հակասող ու ավելի խճճող:

Նարե Գնունի