Շվեյցարիայում աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը կկառուցվի

Շվեյցարիայում աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը կկառուցվի

Դանիական Schmidt Hammer Lassen ընկերությունը շվեյցարական Cometti Truffer Hodel ընկերության հետ սկսում է փայտե երկնաքերի կառուցումը, որն այդ տեսակ ամենաբարձր շենքը կլինի։ Կարեւոր փաստ՝ խոսքը մի կառույցի մասին է, որի եւ՛ շրջանակը, եւ՛ միջուկը պատրաստված են կայունացված փայտից։ Նախագիծը հատուկ մտածված է որպես մարտահրավեր բետոնե հիմքով փայտե կառույցներին, որպես առաջընթացի եւ բնապահպանական դիզայնի խորհրդանիշ, գրում է «Տեխկուլտը»:

Այս նախագծի համար փայտի հիմքով շինանյութերի մշակմամբ զբաղվում է շվեյցարական Implenia ընկերությունը եւ Ցյուրիխի Շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտը: Նրանք նախատեսում են փայտի այնպիսի մոդիֆիկացիա ստանալ, որը կպահպանի 100 մետր բարձրությամբ շենքի ամբողջականությունը: Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր փայտե կառույցն այսօր նորվեգական Mjøstårnet երկնաքերն է, որը 85,4 մ բարձրություն ունի:

Rocket&Tigerli անվանումը ստացած աշտարակը գրավիչ տեսք ունի, սակայն ապագա շենքի վերաբերյալ շատ հարցեր կան։ Օրինակ, ինչպե՞ս են ճարտարապետները մտադիր լուծել քամուց օրորվելու խնդիրը նման մեծ կառույցի համար։ Որտե՞ղ են տեղակայվելու վերելակներն ու աստիճանները, որոնք սովորաբար տեղադրվում են բետոնե միջուկում: Ինչպե՞ս է նախատեսվում լուծել վերին հարկերի ջեռուցման եւ օդորակման խնդիրները՝ հաշվի առնելով փայտի առանձնահատկությունները՝ որպես բազային նյութ։

Բացի բուն աշտարակից, մոտակայքում նմանատիպ սխեմայով կկառուցվեն եւս երեք ցածրահարկ շենքեր՝ ռեստորան, առեւտրի կենտրոն եւ հյուրանոց։ Խոստանում են հարդարման մեջ օգտագործել միայն այն նյութերը, որոնց արտադրության ժամանակ ածխածնի արտանետումներ չեն առաջանում։ Շինարարության ավարտը նախատեսված է 2026 թվականին։