Air France-ը դադարեցրել է թռիչքներն Իրանի օդային տարածքում․ հայտնի է պատճառը

Air France-ը, հետևելով Lufthansa-ին, դադարեցրել է թռիչքներն Իրանի օդային տարածքում։ Հայտնել են լրատվամիջոցները։
Ֆրանսիական ավիաընկերությունը ենթադրում է, որ կարող է լինել իրավիճակի սրում Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա օրեր առաջ տեղի ունեցած հարձակումից հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական Lufthansa խոշորագույն ավիաընկերությունը կրկին երկարացրել է Մայնի Ֆրանկֆուրտից դեպի Իրանի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 18-ը։ Այս մասին հայտնել էր փոխադրողի ներկայացուցիչը։
«Ստեղծված իրավիճակի պատճառով Lufthansa-ն դադարեցնում է թռիչքները դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ մինչև հինգշաբթի՝ ապրիլի 18-ը»,- նշված է հայտարարության մեջ։
Այս որոշումը կայացվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված «անվտանգության իրավիճակի» ֆոնին։
Ապրիլի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել էր Իրանի 7 ռազմական խորհրդատուների մահվան մասին՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնին հասցված հարվածի հետևանքով։ Հարձակման զոհ են դարձել ԻՀՊԿ-ի երկու գեներալներ և հինգ այլ սպաներ:
Իսրայելը ոչ մի պաշտոնական պատասխանատվություն չի ստանձնել միջադեպի համար: Իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին CNN-ին ասել էր, որ Դամասկոսում հարձակում է տեղի ունեցել ոչ թե հյուպատոսության վրա, այլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական օբյեկտի վրա։
Միացյալ Նահանգները, ըստ CBS-ի, կարծում է, որ Իրանը կարող է «հարյուրից ավելի անօդաչու թռչող սարքերով և տասնյակ հրթիռներով» հարձակվել իսրայելական ռազմական օբյեկտների վրա արդեն ապրիլի 12-ին։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ հրեական պետության համար դժվար կլինի պաշտպանվել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակման պատասխան գործողություններից։ Չի բացառվել նաև, որ Թեհրանը կարող է դիտարկել ավելի փոքրամասշտաբ հարձակման հնարավորություն՝ էսկալացիայից խուսափելու համար։