Տեխնիկական որոշ շեղումներ կարող էին լինել․ «Նոր Զովքի» տնօրենը՝ քրեական վարույթի մասին

Տեխնիկական որոշ շեղումներ կարող էին լինել․ «Նոր Զովքի» տնօրենը՝ քրեական վարույթի մասին

MediaHub-ին հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել «Նոր Զովքի»-ի սեփականատեր Արամ Արամյանը։

MediaHub-ի հետ զրույցում «Նոր Զովքի» տնօրեն Գևորգ Արամյանը հայտնեց, որ այս պահին դեռ քննությունն ընթանում է, ոչինչ հստակ չէ և չի ցանկանում ինչ-որ բան ասել՝ առաջ ընկնելով։

Խոսելով նախաձեռնված քրեական վարույթի մասին՝ վերջինս նշեց․

«Ամեն դեպքում, տեխնիկական որոշ շեղումներ կարող էին լինել, միտումնավոր ոչինչ լինել չէր կարող։ Հիմա աշխատում ենք համապատասխան մարմինների հետ, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է եղել և ինչու։ Ամեն ինչ նորմալ է, որևէ արտառոց բան չկա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ։

Ըստ գործի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի եւ գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։

Հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու, «Նոր Զովք» ՍՊ ընկերության բոլոր խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու եւ միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու նպատակով 2019-2023թթ․ ընթացքում ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ, որը «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջ հանձնարարությամբ եւ վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ եւ միջոցներ: Մասնավորապես, «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրվել է առեւտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։

 

Լիաննա Թորոսյան